Դորտմունդի պայթյունի կասկածյալը, հնարավոր է, շահադիտական նպատակներ հետապնդած լինի
Դորտմունդ քաղաքում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվողը, հնարավոր է, շահադիտական նպատակներ հետապնդած լինի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Շպիգել»-ին։
Աղբյուրի ունեցած տեղեկություններով, հանցագործը հաշվարկել է, որ կարող է մեծ շահույթ ստանալ՝ ֆուտբոլային ակումբի ակցիաների գների կտրուկ անկման արդյունքում, ինչը տեղի կունենար, եթե «իշամեղուներից» մեկը ծանր վիրավորվեր կամ մահանար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ոստիկանությունը պայթյունի կազմակերպման մեջ կասկածում է ռուսաստանցու։
Հիշեցնենք, ապրիլի 11-ին «Բորուսիա» ֆուտբոլային թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում խաղալու էր «Մոնակոյի» հետ: Խաղից գրեթե մեկ ժամ առաջ ԶԼՄ-ները հայտնել էին ավտոբուսի մոտ պայթյունի մասին: Նրանք պատրաստվում էին գնալ մարզադաշտ: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել էր այդ տեղեկատվությունը, որ ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել: «Բորուսիա»-ի խաղացող Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա ձեռքը վնասվել էր ապակու կտորից: