«Կարևոր է, որ մենք՝ հայերս, ուրիշ կերպ նայենք մեզ»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծելով` մեր նպատակն էր առաջին ութ տարվա ընթացքում հիմնել մի շարժում, որը կարող է շարունակվել, հուսանք, անվերջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ պատասխանելով հարցին, թե մեկ տարի է անցել ձեր նախաձեռնությունից, գնահատե՞ք այն ազդեցությունը, որ ունեցել եք այս ընթացքում, արդյո՞ք հասել եք այն նպատակին, որը դրել էիք ձեր առաջ:
Նրա խոսքով, այդ շարժման սկզբնական նպատակն էր ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը դնում են մահի առջև ուրիշներին օգնելու համար, ինչպես 100 տարի առաջ ուրիշներին արեցին հայերի նախնիների համար: Նա նշեց, որ հայոց ջարդերի ժամանակ հայերը հնարավորություն չեն ունեցել իրենց երախտագիտությունը հայտնելու այդ մարդկանց:
«Բայց 100 տարի հետո մենք՝ իրենց թոռները, կարող ենք աշխարհին ներկայացնելու ինչպես այդ հերոսներին, նաև այսօրվա հերոսներին, որոնց համար նույնպես կարևոր չէ՝ հայ, արաբ, թե թուրք են օգնում, օգնում են նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»,- ասաց Ն. Աֆեյանը:
Հարցին, թե «Ավրորա» նախաձեռնությունը ողջունվել է, սակայն որոշակի շրջանակներում քննադատական մոտեցումներ են հնչում այն առումով, որ Հայաստանը փորձում եք ներկայացնել հումանիտար առաջատար կենտրոն այն դեպքում, երբ հենց Հայաստանում են տեղի ունենում մարդու իրավունքների խախտումներ, ի՞նչ եք կարծում, արդյոք ձեր նախաձեռնությունը չպետք է որոշակի առումով կենտրոնանա նաև ներհայաստանյան մարդու իրավունքների խախտումների վրա, նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց. «Տեսնում եք՝ իմ քաշը շատ է, բայց դա չի նշանակում, որ ես սպորտի մասին իրավունք չունեմ խոսելու: Ինձ թվում է՝ մենք հայկական աշխարհում մի երազանքի մեջ ենք ապրում, որ մեր երկիրը պետք է Էլդորադո լինի: 800 տարի երկիր չենք ունեցել, մեզ թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի: Մի երկիր չկա, որտեղ մարդու իրավունքների խնդիրներ չլինեն:
Նպատակներից մեկն այն էր, որպեսզի հայերին ներկայացնել, թե ինչ է կատարվում աշխարհում:
Մենք՝ հայերս, միայն մեր մասին ենք մտածում, մեր պրոբլեմների, դժվարությունների մասին ենք մտածում: Իհարկե, ամենամոտը քո ցավն է, բայց մենք ուզում ենք ասել, որ երբ այդ ցավն անցնում է, ուրիշների մասին էլ պետք է մտածել: Դա դժվար բան է, որովհետև մենք այդքան հարուստ չենք, այդքան հաջող չենք, մեզ թվում է՝ ոնց մեր հացերը չենք լուծել, ուրիշները հարցերն ենք լուծում: Ինձ թվում է՝ միայն այդ ձևով կարելի է փորձել փոխել մեր մոտեցումը:
Կարևոր է, որ մենք՝ հայերս, ուրիշ կերպ նայենք մեզ, հասկանանք, որ մեր ձեռքն ավելի շատ բան կա, քան թվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Ռ. Վարդանյան. Կարող ես քո ազգին աջակցել առանց մտնելու քաղաքական դաշտ
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը