Գալուստ Սահակյան. Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի
«Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի»: Ասված է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում:
«Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է թե Հայոց ցեղասպանության և թե նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ»,-նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է ԱԺ նախագահի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.
«Մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որևէ պետության, առավել ևս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որևէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի և արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երևույթի մոռացումը բացառողը, ինչպես մեր սահմանը պաշտպանող զինվորն է այլևս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը:
Սիրելի հայրենակիցներ,
արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենազրկումը՝ ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ և հզորանալով: Ցեղասպանության դժոխքը վերապրածները և ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլև ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին և, որ ամենակարևորն է, հայրենիքին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Վաղեմության ժամկետ չունեցող այս ոճիրը չպետք է մոռանա նաև քաղաքակիրթ աշխարհը
- ՀՀ նախագահ. Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը