Սան Սեբաստիան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել
Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոյան, քաղաքապետարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելալական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը, ինչպես նաև՝ Բասկերի Երկրում և Իսպանիայի այլ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներ:
Դեսպան Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտել Քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության, Սան Սեբաստիանի հայ համայնքի նկատմամբ մշտական հոգատար մոտեցման, ինչպես նաև նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշման ընդունման համար:
Քաղաքապետ Էնեկո Գոյան հավելել է, որ տեղադրված խաչքարը, բացի իր խորհրդից և մշակութային ժառանգության հոյակերտ օրինակ հանդիսանալուց, նաև հանդիսանում է երկու ժողովուրդների եղբայրության և բարեկամության առհավատչյան և որ ուրախ է ունենալ հայկական բազմադարյա մշակությի մի փոքրիկ ներկայություն իրենց քաղաքում: