Քարոզարշավի ընթացքում լրագրողների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպք. Աշոտ Մելիքյան
2017 թվականը բավական հանդարտ սկսվեց, սակայն գնալով քաղաքական ոլորտում կրքերը շիկացան, ինչի արդյունքում էլ ընտրարշավի ընթացքում ականատես եղանք ԶԼՄ-ների իրավունքների խախտումների: Այս մասին այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների մասին ԽԱՊԿ 2017թվականի առաջին եռամսյակի զեկույցը:
Նրա տեղեկացմամբ, ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպք, իսկ եռամսյակի տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում:
«Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև ընդդիմադիր ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ: Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ը՝ Sut.am լրատվական կայքի հիմնադիր Դանիել Իոաննիսյանի դեմ: Բոլոր այդ գործերը վերաբերում են նշված կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների տնօրենների՝ հօգուտ ՀՀԿ-ի ձայներ հավաքագրելը»,- նկատեց բանախոսը:
Աշոտ Մելիքյանի խոսքով, 2017 թվականի մարտ-հունվար ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով զուգորդված՝ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016 թվականի հուլիսի երկրորդ կեսին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ուենցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործերը:
«Արձանագրել ենք, որ դրանցում նկատելի առաջընթաց չի գրանցվել, նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան»,- ասաց նա:
Վերջում բանախոսը նշեց, որ 2017 թվականի առաջին եռամսյակում շարունակել են չլուծված մնալ ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով՝ հայտնվելով ծայրահեղ վատ վիճակում: