Չեխական ընկերությունը Հայաստանում լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն կհիմնի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։
Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցային լուսավորության արդիականացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարանի կառուցմանը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամոլի ծառայությունից հայտնում են, որ նոր գործարանի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք, իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում։
Լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամիսների ընթացքում։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի տարեկան 18 000 միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 400-ի։
«Ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում եք ներդրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և աջակցություն ցուցաբերել»,-նշել է նախարար Սուրեն Կարայանը։
«Հայաստանը շատ հետաքրքիր է մեզ համար․ այն ունի ազատ շուկա, և մենք այստեղ ոչ մի խորընդոտ չենք հանդիպել։ Ես զգում եմ Հայաստանի մեծ ներուժը։ Դուք նոր տեխնոլոգիաների կարիք ունեք, և դա մենք միասին կստեղծենք։ Մենք նաև կապահովենք նոր աշխատատեղեր»,- ասել է «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։