Թուրքիայի ժխտողականության առանցքը չի փոխվել. թուրքագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայ համայնքին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը նախորդների համեմատ ավելի ջերմ էր և բարիդրացիական։ Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ կաևոր է ուղերձում տեղ գտած հատկապես այն նախադասությունը, որով Էրդողանը փաստում է՝ «Չենք կարող որևէ կերպ թույլ տալ անգամ մեկ հայ քաղաքացու օտարումը, մեկուսացումն ու իրեն երկրորդ դասի ներկայացուցիչ զգալ»:
«Այս տարվա ուղերձն ավելի ընդգծված և բովանդակալից էր։ Հատկանշական էր հատկապես այն, որ Էրդողանը անթույլատրելի համարեց հայերի օտարումը թուրք հասարակությունից։ Բայց այս շեշտադրումն իր բացատրությունն ունի։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԵԱՀԿ-ն ընտրախախտումների համար խստագույնս քննադատեց Թուրքիայի նախագահին։ Արևմտյան մամուլը գրեց, որ հնարաքվեով Էրդողանն ամրապնդեց իր միանձնյա իշխանությունը, ոտնահարեց մարդու իրավունքները և երկրում բռնապետությոսւն հաստատեց։ Որպեսզի ժողովրդավար երևա և շահեկան դիրքերում հայտնվի, Թուրքիայի նախագահը նմանօրինակ շեշտադրում կատարեց»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Հակոբ Չաքրյանը։
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ իր հերթին նկատեց, որ Էրդողանի 2017 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձը նախորդներից ոչնչով չի տարբերվում՝ չհաշված մի քանի շեշտադրումներ։
«Ուղերձի առանցքը չի փոխվել, այն մնում է նույնը։ Եթե նախկին ուղերձներում ամրագրվում էին թուրքական ժխտողական հայեցակարգի դրույթները, ապա այս անգամ, կարծես, դրանք չկային։ Քողարկված, կոնտեքստային մակարդակում ժխտողականություն, անշուշտ, պարունակվում է»,- նկատեց մեր զրուցակիցը։
Թուրքագետը նշեց՝ էական չէ, թե ուղերձը պատրաստելիս Էրդողանն ինչպիսի ձևակերպումներ է ընտրել կամ ինչպիսի մարտավարություն կիրառել, կարևորն այն է, որ ժխտողականության առանցքը չի վերացել։
«Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը կրկին հստակորեն շեշտեց, որ ուղերձը կառուցվել է արդար հիշողության և համատեղ ցավի թուրքական հայեցակարգի շրջնակներում»,- ամփոփեց Լևոն Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ էր հղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Ուղերձում, մասնավորապես, նշված է, որ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերը այս տարի էլ են հարգանքով հիշատակվում: