Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում՝ Ստրասբուրգում
Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին կայացել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, արդյունավետ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կարևոր դերակատար է հանդիսանում միջազգային ասպարեզում, ներառյալ մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոն համարվող Եվրոպայի Խորհրդում` հանձնառու լինելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրսևորվող ժխտողականության դեմ պայքարին:
ՀՀ դեսպանն արժևորել է բազմաթիվ երկրների շարքում Ֆրանսիայի` հայկական ամենամեծ համայնքներից մեկն ունեցող երկրի և Հայաստանի հավատարիմ բարեկամի անվերապահ սատարումն այդ հանձնառությանը: Այս առումով Պարույր Հովհաննիսյանը հիշատակել է նաև միսիոներ, էլզասցի քահանա Պոլ Բերոնին, ով նվիրումով ծառայել է Հայոց ցեղասպանության մազապուրծ եղածների և հայ որբերի խնամքին:
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները։