ՍԴՀԿ-ն և «Հայազն»-ը միացյալ քաղաքական խորհուրդ են ձևավորում
Աշխատանքի բացակայության և աշխատավորների հարստահարման պայմաններում մենք զուրկ ենք Մայիսի 1-ի տոնը լիարժեք տոնելու հնարավորությունից: Աշխատավորի իրավունքներին նվիրված այսօրվա խորհրդաժողով ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքով, հայ աշխատավորի իրավունքներն ամեն օր ոտնահարվում են: Գյուղացին, բանկային հրեշավոր վարկերի տակ կքած, ի վերջո արտագաղթում է երկրից, ուսում ստացած երիտասարդը՝ մնում անաշխատանք՝ կրկին հեռանալով հայրենիքից:
«Այս պայմաններում ես կարող եմ ուրախությամբ ասել, որ «Հայազն» և Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունները նախաձեռնել են պայքարի և աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանության լուրջ գործընթաց: Մենք մի կողմ ենք դրել կուսակցական հավակնությունները և պատրաստ ենք հանուն մեկ գաղափարի միավորվել մեկ դրոշի ներքո: Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել տարրական աշխատանքային իրավունքներից: Հայտնի սուպերմարկետի օրինակով, երբ հայ մարդը կարողանում է ծանոթ-բարեկամով օլիգարխի մոտ տոպրակ լցնողի աշխատանք գտնել, բայց չի լծվում նույն այդ օլիգարխի օգտին ձայներ հավաքելու «սուրբ գործին», կանգնում է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»,- նշեց Արմեն Այվազյանը:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր հերթին նկատեց, որ չնայած Մայիսի 1-ը աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում տոնի խորհրդանիշ է, Հայաստանում այն կրում է բուտաֆորիկ բնույթ:
«Հայաստանում ամեն քայլափոխի աշխատավորի իրավունքները ոտնահարվում են, աշխատավոր խավը գրեթե վերացել է»,- նշեց նա:
Անդրադառնալով «Հայազն» կուսակցության հետ միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու թեմային՝ ՍԴՀԿ ատենապետը նշեց՝ երկու կուսակցություններ միավորվում են ոչ թե ընտրությունների նախաշեմին, այլ ի մի բերելու մեկ միասնական օրակարգ:
«Առաջիկայում մեկ միասնական դրոշի տակ հանդես ենք գալու, որովհետև միատեսակ ենք, որովհետև կիսում ենք երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ձևերը: Այդ մարտահրավերների հարցում պատասխանատվություն ունի նաև ընդդիմությունը, իսկ ծրագրային ընդդիմություն Հայաստանում այդպես էլ չձևավորվեց: Մեծամասամբ իշխում է «դու գնա, ես եմ գալու» գործելաոճը: Իսկ մենք գնալու ենք մեր օրակարգով՝ վստահություն խնդրելու ՀՀ քաղաքացուց»,- նշեց նա:
ՍԴՀԿ ատենապետը հայտարարեց, որ երկու կուսակցությունների հեռակա նպատակն է հետագայում միավորվել մեկ կուսակցության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը