«Կուզենայի, որ իմ փոխարեն այստեղ կանգնած լիներ երիտասարդ լրագրող». Արա Շիրինյան
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2017 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակն այսօր շնորհվեց ռեժիսոր Արա Շիրինյանին` ստեղծագործական շիտակության համար։ Մրցանակը ռեժիսորին հանձնեց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն, ով նույն մրցանակին էր արժանացել 2007 թվականին։
Դիմելով իր սերնդակիցներին՝ նա ասաց. «Մենք վերջին հինգ տարում շատ փոխվեցինք, ավելի շատ՝ քան նախորդ քսան տարում և դա պայամանավորված է նոր տեխնոլոգիաների մուտքով ոլորտ։ Մենք ջանք թափեցինք, յուրացրեցինք այդ տեխնոլոգիաները, բայց կարծում եմ, որ փոխվելու ինչ-որ մի սահման կա, ի վերջո երիտասարդության հետ ենք մրցակցության մեջ և ինչ-որ մի տարիքից հետո այդ մրցակցության իմաստը չկա։ Որքան էլ պատիվ է ինձ համար այս մրցանակը ստանալ, ես այնուամենայնիվ կուզենայի, որ իմ փոխարեն այստեղ կանգնած լիներ երիտասարդ լրագրող՝ կատարած որևէ շատ կարևոր գործի համար»։
Արա Շիրինյանի խոսքով՝ իրենց սերնդի պարտքն է նաև ապահովել երիտասարդ լրագրողների դրսևորվելու ու հաստատվելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանում մամուլի ազատության վիճակին՝ նա նշեց, որ մեր մամուլն իր գործառույթն այնուամենայնիվ կատարում է՝ անազատ և կախյալ վիճակում. «Բայց այդ անազատությունն ու կախվածությունն ունի նաև օբյեկտիվ պատճառներ։ Նոր տեխնոլոգիաներն այնքան արագ զարգացան ու տվեցին այնքան հզոր գործիքներ, որ լրագրողներն իրենց կրթությամբ ու մարդկային արժանիքներով ուղղակի չեն հասցնում հարմարվել»։
Նշենք, որ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակը սահմանվել է 2006 թվականին` Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս»-Հայաստան) և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից: Մրցանակներ չեն շնորհվել միայն 2009-10-ին մրցանակներ չեն շնորհվել։
Մրցանակակիրները ստանում են պատվոգիր և ավանդական հուշանվեր՝ ժամացույց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան