Երևանում այսօր կա հաշմանդամություն ունեցող 62 հազար անձ, 2003-ը՝ երեխաներ. Ռուզաննա Զաքարյան
Երևանում այսօր հաշվվում է հաշմանդամություն ունեցող շուրջ 62 հազար մարդ, որոնցից 2003-ը՝ երեխաներ։ Հատկանշական է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերը մեծամասամբ չեն համապատասխանում նրանց կարիքներին։ Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
«Սակայն վերջին տարիներին Երևանում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին միտված, նրանց համար անարգել միջավայրի ձևավորմանն ուղղված ինչ-ինչ ծրագրեր։ Երևանի քաղաքապետարանը 2003 թվականից սկսած՝ ձեռնամուխ է եղել արմատական և աստիճանական բարեփոխման, որպեսզի որոշ ժամանակ անց կարողանանք հասնել մայրաքաղաքի՝ հաշմանդամության ունեցող անձանց համար իրապես մատչելի լինելուն։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի այդ մարդիկ կարողանան տեղաշարժվել՝ առանց որևէ մեկի օգնության»,- նկատեց պաշտոնյան։
Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ 2013-2016 թվականների ընթացքում Երևանի տարբեր փողոցներում կառուցվել են ավելի քան 2 հազար թեքահարթակներ։ Բացի այդ՝ Երևանի 73 փողոցներում կառուցվել են ռելիեֆային ծածկույթով հատվածներ՝ նախատեսված տեսողական խնդիրներ ունեցողների համար։ 54 խաչմերուկներում տեղադրվել են ձայնային ազդանշաններով լուսացույցներ։
«Վճարովի ավտոկայանատեղիներում առանձնացվել են 101 տարածքներ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող վարորդների համար։ Երևանում գործում են 25 ավտոբուսներ՝ հատուկ հարմարեցված վերելակներով, որոնք հեշտացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը»,- նկատեց քաղաքապետարանի սոցիալական վարչության պետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան