Մեծ հաղթանակ էր, որ մենք կարողացանք կնոջ հղիությունը հասցնել 28 շաբաթականի. Անդրանիկ Պողոսյան
««Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 4-ին առաջին անգամ ծնվել է հնգյակ. եթե չեմ սխալվում, այն առաջինն է Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ հավելելով, որ այս դեպքի բացառիկությունը կայանում է նրանում, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով, նույնիսկ «էկո» տարբերակով հնգյակ չի հանդիպել:
Նրա խոսքերով՝ երեխաների առողջական վիճակը կայուն է, բժիշկների հսկողության տակ են գտնվում: Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։
Միքայել Մանուկյանը հայտնեց, որ դեռ պետք է շատ ջանք գործադրեն, որպեսզի երեխաների կյանքին վտանգ չսպառնա. «Մեզ ժամանակ է պետք, որ երեխաները մեծանան: Նորածինները 2 ամիս կմնան հիվանդանոցում, մինչև նրանց քաշը լինի 2 կգ»:
Բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն էլ ասաց, որ Լուսինեի հղիությանը հետևել են չորս շաբաթականից սկսած, երբ առաջին անգամ դիմել էր հիվանդանոց:
«Համապատասխան ստուգում անցկացնելուց հետո պարզվեց, որ հնգյակ է ունենալու: Իմ պրակտիկայում հնգյակի առաջին դեպքն է: Եռյակներ ունեցել եմ, քառյակներ, բայց հնգյակ` առաջին անգամ: Հետևելով կնոջը հասցրինք մինչև 6 ամսական, որից հետո նա արդեն հիվանդանոցում մեր հսկողության տակ էր մնում: Համաշխարհային պրակտիկայում չի հանդիպում, որ նման հղիությունը հասնի մինչև 28 շաբաթական: Դա մեծ հաղթանակ էր, որ մենք կարողացանք հասցնել 28 շաբաթականի»,- ասաց Անդրանիկ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ իր համար անչափ հուզիչ էր առաջին անգամ ընդունել հնգյակի ծնունդ: «Առաջինը ծնվեց աղջիկը, երկրորդը՝ նույնպես աղջիկ, երրորդը՝ տղա, վերջին երկուսը՝ աղջիկներ: Գերազանց է համարվում այն, որ բոլորը կենդանի են ծնվել, չնայած թույլ ճիչերով: Անմիջապես հրավիրել ենք համապատասխան մասնագետների»,- ընդգծեց Անդրանիկ Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան