Գեորգի Պոլտավչենկո. Երևանը Սանկտ Պետերբուրգի համար վստահելի գործընկեր է
Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ էլ կարևոր ու հեռանկարային են եղել և որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման լայն հնարավորություններ ունի: Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը:
«Համոզված եղեք, որ Երևանը Սանկտ Պետերբուրգի համար կայուն և վստահելի գործընկեր է, և հաճելի է արձանագրել, որ մեր գործընկեր քաղաքն իսկապես կայուն զարգացում ունի: Ասում են` կատարելությունը սահմաններ չունի, և վստահ կարող եմ ասել, որ այսօրվա Երևանի դեպքում դա իսկապես ճիշտ է: Ես այսօր տեսնում եմ ավելի բարեկարգ ու գեղեցիկ քաղաք, տեսնում եմ նոր ճանապարհներ ու լուծումներ, ինչպես նաև ընթացող շինարարություն, ինչը լավագույնս փաստում է, որ Երևանն ապրում ու զարգանում է և ունի զարգացման լավ հեռանկարներ»,-ասել է ռուսաստանցի նահանգապետը:
Նրա խոսքով, վերջին 3 տարիների համագործակցությունը եղել է իսկապես արդյունավետ, փոխշահավետ: Նա վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և ամրապնդելու համար:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը նշել է, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ հարաբերությունները Երևանի համար առանձնակի են կարևորված՝ հատկապես հաշվի առնելով երկու քաղաքների արդյունավետ ու հաջողված փոխգործակցությունը: