Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդն 8 ժամից ավելի մեքենա վարելու իրավունք չունի. նախարար
Հայաստանը կմեծացնի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների վերահսկողությունը և թվային տախոգրաֆներ կկիրառի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Ազգային ժողովը 2016թ-ի դեկտեմբերի 16–ի արտահերթ նիստում ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի լրացումները, որոնց անհրաժեշտությունն առաջացել է Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո:
Նոր օրենքով, ըստ նախարարի, մի քանի չափանիշներ են սահմանված, որոնք բավարարելու դեպքում միայն ընկերությունը կկարողանա իրականացնել ուղևորափոխադրում:
«Նոր օրենքը սահմանում է՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը պետք է ունենա թվային տախոգրաֆներ, ունենա մի քանի վարորդ, քանի որ ութ ժամից ավելի վարորդը մեքենա վարելու իրավունք չունի, բացի այդ, ճանապարհ դուրս գալուց առաջ պետք է անցնի բուժզննում»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ արդեն անցկացվել են մրցույթներ, ընտրվել են մի քանի ընկերություններ, որոնք կատարում են այդ կանոնավոր ուղևորափոխադրումները: