Նիկոլայ Գրիգորյանին փոխարինել է Կարապետ Մարգարյանը
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդլայնված խորհրդակցության սկզբում աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովին, նախանշել է նրա համակարգման ոլորտները, ինչպես նաև՝ անդրադարձել վերջերս արված նոր նշանակումներին:
ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:
«Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում»,- ասել է նախարարը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Դ. Տոնոյանն անդրադարձել է նաև համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին և ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին: Նախարարը հաջող և արդյունավետ ծառայություն է մաղթել նորանշանակ պաշտոնյաներին:
Խորհրդակցության ընթացքում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվել է նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները: