Էրոյանց. Բաթումիի քաղաքապետարանը չի թույլատրել մզկիթի կառուցումը
Բաթումիում մահմեդական մզկիթի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նրա խոսքով, տարիներ շարունակ Աջարիայի մահմեդական համայնքը տեղի իշխանություններից պահանջում է տրամադրել Բաթումի քաղաքում մզկիթի կառուցման թույտվություն: Դեռևս 2011թ.-ին՝ Սաակաշվիլիի իշխանության տարիներին, Վրաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարությունների միջև չհրապարակայնացված հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ վրացական կողմը խոստացել էր իրականություն դարձնել Բաթումիում մզկիթի կառուցումը:
Տվյալ պայմանավորվածության մասին լուրերը տարածվելուց հետո լուրջ քննադատությունների արժանացան այդժամանակվա գործող իշխանությունները, ինչի արդյունքում գործընթացը դեռ չսկսված կասեցվեց: Մեկ տարի անց Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Աջարիայի մահմեդականներին խոստացավ լուծել այդ հարցը, սակայն խոստումը մնաց չիրականացված: Արդեն 2014թ.-ին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նույնօրինակ խոստումը ևս մնաց «խնդրողների» հուրշերում:
Էրոյանցը հիշեցնում է՝ մայիսի 5-ին պարզ դարձավ, որ Բաթումիի քաղաքապետը մերժել է «Բաթումիում նոր մզկիթի կառուցման հիմնադրամ»-ի դիմումը՝ քաղաքում մզկիթի կառուցման թույտվություն տալու հետ կապված:
Տվյալ հիմնադրամը ընթացիկ տարվա սկզբին հատուկ ստեղծվել էր վերոնշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով, որից հետո փետրվար ամսին սկսել էր ակտիվ գործունեություն այդ ուղղությամբ, նույնիսկ գնվել էր հողատարածք, որտեղ պետք է կառուցվեր մզկիթը, և պատվիրվել մզկիթի ճարտարապետական էսկիզներ (նկարում դրանցից մեկն է պատկերված): Ի դեպ մզկիթի կառուցման համար անհրաժեշտ գումարը, ինչպես մահմեդական համայնքի ներկայացուցիչնեչն են նշում, դեռևս հավաքված չէ:
«Ի վերջո, Բաթումիի քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու վերոնշյալ խնդրանքը բավարարել, այլապես Բաթումիում կարող է լուրջ բողոքի ալիք բարձրանալ տեղի մահմեդական բնակչության կողմից: Այդ դեպքում, սակայն չի բացառվում, իշխանությունների կողմից հիշյալ թույլտվությունը հաստատելու պարագայում ևս բողոքի հակառակ ձայն բարձրացնեն տեղի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը (Աջարիայի տարածքում) երեք անգամ գերազանցում է մահմեդական բնակչության թվաքանակին: Հետաքրքիր է՝ ինչ լուծում կգտնեն իշխանություններն այս՝ իրականում դժվարին իրավիճակում»,-նշում է վրացագետը: