Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն տաճարի «Տապան» թանգարանում բացվել է հայ նկարիչների ցուցահանդես
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ ժամանել է Մոսկվա, որտեղ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, մայիսի 16-18-ը կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակագի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը «Շերեմետյեվո» օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, թեմական կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ապա հայրապետական շքախումբն ուղղվել է դեպի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիր, ուր Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գարեգին Բ Հայրապետն այցելել է Սուրբ Պայծառակերպություն տաճար։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել համալիրի տարածքի «Տապան» թանգարանում թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված՝ հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր բարերար հայորդիների կողմից թեմին նվիրաբերված հայ անվանի նկարիչների 23 կտավ և 4 քանդակ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր սպասավորներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտավորականներ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, հասարակական գործիչ պրոֆ. Լեոնիդ Ռոշալը, Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և ռուս արվեստագետներ։
Արարողությունը սկսվել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ցուցահանդեսի բացման առիթով իր օրհնությունն է ներկաներին բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։
«Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստուած, որ ռուսաստանաբնակ Մեր զավակները Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգածու առաջնորդությամբ ամուր են պահում իրենց հավատարմությունը մեր արժեքներին, մեր հայրերի սուրբ ու նվիրական ավանդներին: Բարձրյալի օրհնությամբ Տիրախնամ թեմը արդյունավորապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները, հոգևոր քարոզչական առաքելության հետ մեկտեղ սպասավորում հայ մշակույթի զարգացմանը, մեր մատաղ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը, հայորդյաց ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը:
Ուրախ ենք այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ առաջին անգամ լինելու Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում և ծանոթանալու ներկայացված հոգևոր-մշակութային արժեքավոր ցուցանմուշներին՝ մեր անցյալից ժառանգված սրբազան մասունքներին, որոնցից յուրաքանչյուրը առանձին մի պատմություն է մեր ժողովրդի ստեղծարար ոգու, լուսավոր հավատքի ու աստվածսիրության, մշակույթի, գիտության ու կրթության հանդեպ աննվազ նվիրումի ու նախանձախնդրության մասին: Թանգարանը իր կարճատև գործունեության ընթացքին դարձել է մշակութային կարևոր օջախ ռուսահայոց կյանքում, որն իր առաքելությամբ նպաստում է բարեպաշտ հայորդիների հոգիներում զորեղ պահելու ազգային գիտակցությունը, կապվածությունը մեր մշակույթին, մեր նվիրական արմատներին:
Այսօր, սիրելիներ, ի տես հայ և օտարազգի այցելուների, թանգարանում ներկայացվում են հայ գեղանկարչության բարձրարժեք գործեր` Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի և մեր այլ մեծերի վրձնած ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակահատվածներում բարերար հայորդիների կողմից ընծայաբերվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին», - ասել է Վեհափառ Հայրապետը: