Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորը նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել,-հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը:
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
«Իրանահայությունն Իրանի հասարակության պատկերն է, հետեւաբար տարբեր տեսակետ, տարբեր կարծիք ունեցող մարդիկ ու հոսանքներ կան համայնքում, որոնք քաղաքական զանազան դիրքորոշումներ կարող են ունենալ և ունեն: Հետևաբար չի կարելի ասել ինչ դիրքորոշում կլինի որոշակիորեն որևէ թեկնածուի օգտին և սա է հարցի հետաքրքիր կողմը, որովհետև իրանահայությունը ևս, ինչպես Իրանի ժողովուրդը, իր ապագան կապում է տարբեր թեկնածուների քաղաքական ծրագրերի հետ:
Սա չի նշանակում պասիվություն, այլ նշանակում է որ մենք կարողանանք մեր խնդիրները և պահանջները ներկայացնենք թեկնածուներին, որոնք երկրի հավանական նախագահները կլինեն»,-հայտարարել է հայազգի պատգամավորը:
«ԱԼԻՔ»-ի փոխանցմամբ՝ օրերս Թեհրանի ազգային առաջնորդարան են այցելել և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել ինչպես գործող նախագահ Հասան Ռոհանիի, այնպես էլ նրա մրցակից Էբրահիմ Ռայիսիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները: