ՄԻԵԴ․Խախտվել է ՀՀ ՊԵԿ-ի նախկին աշխատակցի արդար դատաքննության իրավունքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Նիկողոսյանը դիմումը ՄԻԵԴ է ներկայացրել 2011թ․-ի դեկտեմբերին՝ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի (Անհատական գանգատները) հիման վրա։
Վճռում նշվում է, որ 1953թ․-ին ծնված դիմումատու Ռոբերտ Նիկողոսյանն ապրում է Երևանում։ Դիմումատուն եղել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակից, ով 2009 փետրվարի 27-ին ՊԵԿ ղեկավարի կողմից ազատվել է աշխատանքից, որից հետո Նիկողոսյանը դատական գործընթաց է սկսում ընդդեմ ՊԵԿ-ի՝ խնդրելով վերականգնել իր աշխատանքն ու վճարել հարկադրված պարապուրդ համար։
2009թ․-ի օգոստոսի 11-ին Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանի դատարանը որոշում է կայացնում դիմումատուի օգտին։ Այն ՊԵԿ-ի որոշումը չեղյալ է համարում ու պահանջում վերականգնել դիմումատուի աշխատանքն ու վճարել աշխատավարձը։ 2009թ․-ի սեպտեմբերի 8-ին ՊԵԿ-ը բողոքարկում է դատարանի վճիռը, սակայն 2009թ․-ի հոկտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ դատարանը ևս ուժի մեջ է թողնում առաջին ատյանի դատարանի որոշումը։ 2009թ․-ի նոյեմբերի 2-ին ՊԵԿ-ը վերաքննիչի որոշումը բողոքարկում է վճռաբեկ դատարան, որը սակայն անընդունելի է համարում բողոքն ու առաջին ատյանի 2009թ․-ի օգոստոսի 11-ի որոշումը դառնում է վերջնական։
Այնուհետ դատարանը ծանուցագիր է ուղակում ՊԵԿ՝ պահանջելով դիմումատուին վերականգնել իր աշխատանքում, սակայն ՊԵԿ-ը հրաժարվում է՝ նշելով, որ կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դիմումատուի զբաղեցրած աշխատանքն այլևս գոյություն չունի։ ՊԵԿ-ը 2010թ․-ի ապրիլին դիմումատուին վճարում է 937,114 դրամ իր հարկադիր պարապուրդի համար։
2012թ․-ի ապրիլի 26-ին հարկադիր կատարողը գտնելով, որ աշխատանքի վերականգնումն այլևս հնարավոր չէ, որոշում է դադարեցնել վճռի կատարման գործընթացը, որից հետո դիմումատուն բողոքարկում է հարկադիրի որոշումը վարչական դատարան, որը որոշում է, որ հարկադիրի որոշումը ճիշտ է, քանի որ հնարավոր չէ պաշտոնի վերականգնումը։ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողնում վարչական դատարանի որոշումը, իսկ վճռաբեկ դատարանն այն ընդունելի չի համարել ու ուժի մեջ է մտել վարչական դատարանի որոշումը։
Սակայն 2013թ․-ի ապրիլին հարկադիր կատարողը որոշում է վերաբացել կատարողական վարույթը։ 2013թ․-ի նեյեմբերին ՊԵԿ-ը դիմումատուին նմանատիպ աշխատանքի առաջարկ է արվում, որը մերժվում է։ 2013թ․-ի նոյեմբերին ՊԵԿ ղեկավարի նամակով դիմումատուն հրավիրվում է աշխատանքի, ինչպես նաև նշվում, որ հարկադիր բացակայության համար գումարը կազմում է 4,017,860 դրամ, որը դիմումատուի կողմից կրկին մերժվում է ու նա պահանջում է 9,975,970 դրամ։
ՊԵԿ-ը 4,017,860 դրամը փոխանցում է հարկադիրին, որն էլ փոխանցվում է դիմումատուի հաշվին ու 2015թ․-ի հունիսի 18-ին կատարողական վարույթը կարճվում է։ Սակայն այս որոշումը դիմումատուն կրկին բողոքարկում է։
Դիմումատուն ՄԻԵԴ-ում բողոքել է, որ տեղական իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն իրականացրել առաջին ատյանի դատարանի վճռի կատարման համար և իր հարկադիր պարապուրդի գումարի մի մասը չի վճարվել՝ պահանջելով գանձել 10,506,871 դրամ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) և հոդված 1-ինի 1-ին արձանագրության խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող պետությունը պետք է հայցվորին 3 ամսվա ընթացքում վճարի 3600 եվրո։ Դատարանըմերժել է դիմումատուի կողմից արդարացի փոխհատուցման պահանջը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց