Ընդդիմությունը դեգրադացիա է ապրել. Քաղաքագետ
Մինչև խորհրդարանական ընտրություններն էին հասկանալի, որ ՀՀԿ-ն կազմելու է մեծամասնություն, «Ծառուկյան» դաշինքը երկրորդ ուժն է լինելու խորհրդարանում, նախընտրական քարոզարշավի վերջում պարզ էր, որ «Ելք» դաշինքը կանցի խորհրդարան՝ հավաքելով զգալի ձայներ, իսկ ՀՅԴ-ն ունի իր հստակ ընտրազանգվածը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ՀՀԿ-ի ձեռքում են քաղաքական բոլոր հարթակները՝ խորհրդարանը, նախագահականը, Երևանը: Իսկ ընդդիմությունը դեգրադացիա է ապրում, չի կարողանում նման ընտրությունների մասնակցել»,- նշեց նա:
Հարցին, տեսնո՞ւմ եք ընդդիմադիր ուժ, որ արտախորհրդարանական գործունեություն ծավալի, քաղաքագետն ասաց, որ հանրության շրջանում կա պահանջարկ, բայց նման ընդդիմություն չկա:
«Պահանջարկ կա, առաջարկություն չկա, ինչը հանգեցնում է հիասթափության: Մարդիկ իրական հեռանկար չեն տեսնում: 25 տարի հեռուստատեսությամբ տեսնում են նույն դեմքերը, ովքեր խոսում են նույն բանի մասին: Դա չի աշխատում»,- հավելեց նա:
Քաղաքագետը նշեց, որ դեռևս չի տեսնում նման խմբեր, որոնք այդ պահանջարկին կպատասխանեն: