Հայաստանը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում
Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվել են Հայաստանը և Ավստրիան: Ոստիկանությունից մանրամասնում են, որ քվեարկությունը կայացել է Ավստրիայում անցկացվող Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսի ընթացքում:
Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության անցկացումն էր:
«Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է:
Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը»,-նշում են ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի, առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի: