ԱԺ փոխնախագահ. Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին Երևանում է:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը ՎԶԵԲ ներկայացուցիչը անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, վերջին ամիսներին Հայաստանում անցկացված խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագիրը:
Հյուրի խնդրանքով ներկայացնելով ԼՂ հիմնախնդիրը՝ նա անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը և նշել, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ և հասցեական քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը՝ կապված նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտման և զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով կրակ բացելու հետ:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այդ իրավունքը, խնդիրը չի կարող կարգավորվել»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից և շարունակում իր որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը: