Մենք կարող ենք իջնել մեղադրյալի աթոռից և դրա վրա նստեցնել Ադրբեջանին. Արման Մելիքյան
Արցախի ստատուս-քվոյի թե պահպանումը, և թե փոփոխումը չի կարող լուծում պարունակել հայկական կողմի համար. պահպանվող ստատուս-քվոն օրեցօր վատթարացնում է Հայաստանի բանակցային դիրքերը: Այսօր արդեն արծարծվում է ոչ թե տարածքներ՝ կարգավիճակի շուրջ ձևաչափը, այլ տարածքներ՝ պատերազմ չսկսելու, իրավիճակի բարելավման ձևաչափը: «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այն պահից, երբ Հայաստանն ինքն իրեն ճանաչեց հակամարտության կողմ, այն դարձավ միջազգային, եռակողմ հակամարտություն: 93-ից սկսած՝ Հայաստանն իր այս քայլով Ադրբեջանին հնարավորություն տվեց իրեն համարելու ագրեսոր երկիր: ԼՂՀ ինքնորոշման խնդիրը նենգափոխվեց: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Արցախը պաշտոնապես զրկվեց բանակցային կողմ լինելու հնարավորությունից: Շատ բնական է, որ Ադրբեջանի հաջորդ բոլոր քայլերը հիմնվեցին հետևյալի վրա՝ Հայաստանը պետք է իրեն վերադարձնի որոշ տարածքներ»,- նկատեց նախկին պաշտոնյան:
Արման Մելիքյանի խոսքով, ապրիլյան պատերազմով Ադրբեջանն ամրագրեց ուժի կիրառման իրավունքը, չարժանացավ միջազգային հանրության հակազդեցությանը և անկախ ամեն ինչից՝ ստատուս քվոն խախտվեց ոչ միայն քաղաքական, այլ նաև տարածքային մակարդակով:
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն անընդհատ ընդգծում են, որ համաձայն են տարածքներ՝ կարգավիճակի դիմաց տարբերակին: Եթե Ռուսաստանը դա է ուզում, ինչո՞ւ է դա ուզում նաև ԱՄՆ: Բանն այն է, որ Միացյալ նահանգներին ամենևին պետք չէ միջամտել տարածքների հանձնման հարցում, այն դեպքում, երբ հակամարտության կարգավորման հարցով վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է հատկապես Ռուսաստանը: Տարածքներ հանձնելու թեման այսօր տրված է հենց ռուսական կողմին»,- ասաց Արման Մելիքյնաը:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը շեշտեց՝ հակամարտության ներկայիս իրավիճակը հնարավոր է փոխել, սակայն որոշակի ծրագրային փոփոխությունների պարագայում:
«Մենք կարող ենք իջնել մեղադրյալի աթոռից և դրա վրա նստեցնել Ադրբեջանին: Բանակցային գործընթացի ներկա առանցքը պետք է փոխվի այլ առանցքով»,- ասաց նա: