ԱԺ ոչ մի ուժ չի պնդում Արցախի տարածքային ամբողջականության վրա. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայ ժողովրդի ազգային անվտանգությունը դրված է կշեռքի նժարի վրա, և Արցախի հարցում նախկին վիճակին վերադառնալու ցանկացած հնարավորություն պետք է բացառել: «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես չեմ ուզում ֆանտաստիկ բաներ ասել, երբ խոսում եմ ստատուս քվոյի փոփոխության մասին: Բայց ակնհայտ է, որ այսօր ԱԺ-ում հայտնված ոչ մի ուժ չի պնդում Արցախի տարածքային ամբողջականության վրա: Բոլոր ուժերը մտել են կամ Մադրիդյան, կամ Կազանյան, կամ Լավրովյան փաստաթղթերը մեկը մյուսից գերադասելու խնդրի տակ»,- նշեց բանախոսը:
Րաֆֆի Հովհաննսիյանը համոզմունք հայտնեց՝ Հայաստանն Արցախյան խնդիրը պետք է տեղային պահեր, չդարձներ միջազգային հանրության քննարկելիք առարկան:
«Մենք մտանք այն տիրույթ, որտեղ Հայաստանն ուներ վետտոյի իրավունք: Վրիպումների շարք եղավ: Մեր մեղքով էր, որ եռակողմ հակամարտությունն ի վերջո վերածվեց երկկողմի: Մեզ վտանգավոր պահեր են սպասվում»,- ասաց բանախոսը: