Պետական գույքի օտարման գործընթացում կան թերություններ. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական գույքի արդյունավետ կառավարմանը և այն կարևորագույն խնդիր համարեց:
«Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթները արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների փորձն ու ներուժը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանին հանձնարարեց քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ:
Վարչությունը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի նաև պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավվելու, Վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում` պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսելու մասով:
Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի օտարումը էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերը արդիականացնելու համար անհրաժեշտ միջոցների հատկացման ծրագիրը: