Վիգեն Հակոբյան. «Ծառուկյան» դաշինքը բավականին բարդ խնդրի առջև է կանգնած
«Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նիստերը ցույց տվեցին, որ իշխող վերնախավը լիովին վերահսկում է Ազգային ժողովը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Նրա կարծիքով, 80-85 ձայն լիովին վերահսկելի է, իսկ անհրաժեշտության դեպքում գուցե ավելին:
«Առաջին նիստերի քննարկումները, քվեարկությունները ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքը չի փորձում որպես այլընտրանք հանդես գալ, էլ չեմ խոսում ընդդիմության մասին: Հասկանալի է, որ նման պարագայում «Ելք» դաշինքը, որն իրեն դիրքավորում է որպես միակ ընդդիմադիր ուժ, փորձում է բոլոր քվեարկության արդյունքներով ի ցույց դնել, ևս մեկ անգամ ցույց տալ իր միակ ընդդիմադիր կարգավիճակը՝ փորձելով իր ռեսուրսներն ավելացնել»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հիմա բավականին բարդ խնդրի առջև է կանգնած, որովհետև ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն լինելու այդ ռեսուրսը չի կարող հավերժ լինել, աստիճանաբար այդ կարգավիճակն իրեն սպառում է, այդ թվում նաև ընտրողների մոտ:
«Այդ նույն ռեպերտուարով հանդես գալը բավականին պրոբլեմատիկ է դառնում: Կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը կամ ԲՀԿ-ն ի վերջո պետք է կողմնորոշվի, թե որ դաշտում է խաղում: Կարծում եմ՝ ի վերջո իրենց տեղը լինելու է իշխանության մեջ այս կամ այն փուլում»,- ասաց Վ. Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: