Թիվ 93 մանկապարտեզի ծնողները բաց նամակ են հղել ԿԳ նախարարին ու քաղաքապետին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի մի քանի ծնողներ բաց նամակ են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանին: Նամակում ասված է.
«Մենք` Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 93 մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներս, գրում ենք ձեզ խնդրով, որ տեղեկացել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նշում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 76,93,95 նախադպրոցական ուսումնական հաստատությունները և թիվ 181 դպրոցը կրտսեր դպրոց պարտեզների վերածելու մասին:
Նախ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պարոն Բլեյանը քանդել է հարակից մանկապարտեզների բազալտից ցանկապատները թեքահարթակ կառուցելու պատրվակով, որի պատճառով մանկապարտեզ տանող ճանապարհը լցվել է կավահողով և տեղումների ժամանակ անանցանելի է դառնում, երեխաներն էլ ամեն օր շնչում են այդ փոշին: Պարոն Բլեյանի կողմից նախաձեռնած անվերջանալի շինարարական աշխատանքների պատճառով խանգարվում է երեխաների անդորրը: Ցանկապատը քանդելու հետևանքով մանկապարտեզի բակ են մտնում շներ, որոնք վտանգավոր են երեխաների համար: Իսկ Մխիթար Սեբաստացու սաները մանկապարտեզի բակը դարձրել են հեծանվաուղի, որի պատճառով վտանգավոր է դառնում մեր երեխաների զբոսանքը բակում:
Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բլեյանի առաջարկած ծրագրին, նշենք, որ շատերս նախընտրել ենք հենց այս մանկապարտեզը և մեր մեջ կան մարդիկ, որոնք տեղափոխել են իրենց երեխաներին Մխիթար Սեբաստացի պարտեզ դպրոցից այս մանկապարտեզ, քանի որ այստեղ ամեն ինչ կանոնակարգված է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ամեն ինչ երեխայի կամքով է, բայց չէ որ երեխան դեռ այդ հասակում չէ, որ գիտակցի` որն է իր համար անհրաժեշտ: Իսկ թիվ 93 մանկապարտեզում ամեն ինչ արվում է երեխաներին լավ դաստիարակություն, կրթություն և լավ մարդ մեծացնելու համար:
Մենք` թիվ 93 մանկապարտեզի ծնողներս, չենք ցանկանում, որ մեր մանկապարտեզը միանա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, քանի որ այդ դեպքում ստիպված կլինենք նոր մանկապարտեզ փնտրել մեր երեխաների համար: Իսկ դա կարող է վատ անդրադառնալ մեր երեխաների հոգեկան վիճակի վրա, քանի որ նրանք մանկապարտեզը շատ են սիրում և այստեղ ունեն բազում ընկերներ ու սիրելի դաստիարակներ և բարեխիղճ տնօրեն:
Թիվ 93 մանկապարտեզի ծնողներ`
Քրիստինե Հակոբյան, Տաթև Հովհաննիսյան, Ջեմմա Հարությունյան , Նարինե Հակոբյան, Հասմիկ Սիմոնյան, Նառա Գրիգորյան, Աննա Վերանյան, Լուսինե Մելիքյան»:
Նամակին կից նաև լուսանկարներ են ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով