Զոհրաբ Մնացականյան. Ճգնաժամերը, ոճրագործությունները և ցեղասպանությունները հանկարծակի տեղի չեն ունենում
«Ճգնաժամերը, ոճրագործությունները և ցեղասպանությունները հանկարծակի տեղի չեն ունենում, դրանք տեսանելի և կանխատեսելի են լինում»։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունենալով «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը» խորագրով ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը:
Դեսպանը հիշատակել է, որ Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և կիրառումից։
Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիային՝ դեսպան Մնացականյանը հիշատակել է քաղաքացիական բնակչության, ներառյալ ծերերի և երեխաների նկատմամբ կիրառված բռնությունները։ ՀՀ կողմից կրկին կոչ է արվել իրականացնել 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների պայմանավորվածությունները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով։
Դեսպան Մնացականյանն իր ելույթում կարևորել է քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար և բուժաշխատողների պաշտպանության գործում միջազգային հումանիտար իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների անխտիր իրականացումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, անվտանգության խորհրդի բաց քննարկումը նախագահել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, ելույթ են ունեցել մոտ յոթանասուն անդամ երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով շեշտել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի ամրապնդման, ինչպես նաև մարդասիրական և բժշկական անձնակազմի պաշտպանության կարևորությունը:
Ելույթի ավարտին դեսպան Մնացականյանը կրկին Հայաստանի երախտագիտությունն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը, Անվտանգության խորհրդին և Գլխավոր քարտուղարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես խնդրի կարգավորման նպատակով գործող միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին անվերապահ աջակցության համար։