![](https://panorama.am/news_images/597/1788172_1/57.thumb.jpg)
Արցախի վարչապետն այս տարի ակնկալում է 10%-ից բարձր տնտեսական աճ
Չնայած ապրիլյան պատերազմին, Արցախի Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Այս տարի սպասում ենք երկնիշ թիվ՝ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, քանի որ բավական ներդրումներ են կատարվել հիդրոէներգետիկայի և հանքաարդյունաբերության ոլորտներում»,- նշեց վարչապետը:
Մասնավորապես, ըստ նրա, շահագործվել է Կաշենի հանքն ամբողջ հզորությամբ, 2016 թվականի վերջին նաև շահագործման են հանձնվել հիդրոէլեկտրակայաններ: Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլև նախատեսում է առաջիկայում ավելացնել արտահանման ծավալները»,- նշեց վարչապետը:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս տարի հաջողություններ են գրանցել նաև շինարարության ոլորտում. հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին:
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ թեև նախորդ տարի ոլորտում անկում է գրանցվել, սակայն այս տարի տարբերություն զգում են:
Վարչապետի խոսքերով՝ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը մեծամասամբ դրական ազդեցություն է թողել զբոսաշրջության զարգացման վրա:
«Կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հյուրանոց կառուցելու համար, սակայն մինչև վերջերս հյուրանոցների քանակը մեծ է՝ բացի ամառային մի քանի օրերից և մայիսի 9-ից, ծանրաբեռնված չի լինում, փորձում ենք ռեսուրսներն ուղղել այլ ուղղությամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ տնտեսական նախագծերը նորմալ են, շարունակվում է տնտեսական աճը:
Արայիկ Հարությունյանը նաև ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, բավականին շատ ներդրողներ հետաձգել են ներդրումները, սակայն կա նաև ներդրողների մի մեծ բանակ, որոնք ոչ միայն չեն դադարեցրել, այլ ապրիլին շարունակել են իրենց ներդրումները:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)