18:01 01/06/2017

Ինչո՞ւ չգնացիր երազանքիդ հետևից

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Նույն տարում ես ու 73 տարեկան պապս առաջին կուրսի ուսանող էինք, որ իմացել էի պապս համալսարան է ընդունվել, շատ էի զարմացել։ Երբ հարցրի քիմիկոս, մանկավարժ, երկար տարիներ դպրոցի տնօրեն աշխատած պապիս, թե ինչու որոշեց գնալ սովորել գիդ-զբոսաշրջավարի մասնագիտությունը, ասաց. «Գիտես ինչ, որ փոքր էի, կարծես, հենց էդպես էլ պիտի լիներ, որոշված էր, որ մեծանամ բժիշկ պիտի դառնամ։ Ընդդիմանալ չկարողացա, գնացի ծնողներիս ընտրած ուղիով, բայց սիրտս «թույլ» էր բժիշկ դառնալու համար։ 2 տարի սովորելուց հետո փոխվեցի քիմֆակ։ Միշտ երազել եմ գիդ-զբոսաշրջավար դառնալ, ճամփորդել։ Բայց 7 երեխա ունեցող մարդն այդքան էլ ազատ չի. սկզբում ծնողներս, հետո երեխաներս պահեցին ինձ իմ չընտրած մասնագիտության կողքին։ Հիմա, փառք Աստծո, երբ բոլորը հասել են իրենց նպատակին, ես էլ իմ կյանքով կապրեմ»։

Պապիս երազանքի հետքերով, լուսանկարիչ Լիլիան Գալստյանի հետ որոշեցինք իրականացնել մի ֆոտոնախագիծ, որը ցույց է տալիս մեր մանկության երազանքերի ու իրականության մեջ ընկած անդունդը։Նախագծի առաջին մասնակիցը Ռուբենն է, ով  ապրում է պապիս երազանքով. նա գիդ-զբոսաշրջավար է։


Ռուբեն Բաղդիշյան
երազանքը՝ դառնալ հաշվապահ
այսօր՝ գիդ-զբոսաշրջավար



Ռուբենն ասում է, թե պատահական է հայտնվել այնտեղ, որտեղ է հիմա։ Սիրել է թվեր, երազել՝ դառնալ հաշվապահ։ Ընդունելության քննության ժամանակ միավորները չեն բավականացրել ու մրցույթից դուրս մնալով հայտնվել է Աշխարհագրության ֆակուլտետում։ Աշխարհը բացահայտելու մղումը ստիպել է սկսել ճանաչել նախ՝  սեփական երկիրը։ Սկսել են ընկերներով գնալ մարզեր, համայնքներ, գտնել թաքնված անկյուններ։ Հետո իրենց հետ տարել են ընկերների քույր-եղբայրներին, հետո ընկերների քույր-եղբայրների ընկերներին, հետո դարձել է մեծ բիզնես պլան՝ Արշավներ ակումբ։ Ասում է՝ հենց այդպես էլ սիրահարվեց այս «թափառական» կյանքին ու հիմա երջանիկ է իր գործով, որը ապրելակերպ է դարձել։ Ու շատ գոհ է, որ կյանքն իրեն հեռու պահեց հաշվապահությունից։ Ռուբենի հետ արշաված ցանկացած մարդ կփաստի, որ կյանքը նրան իր ճիշտ տեղում է դրել։

Կարեն Գալոյան
երազանքը՝ դառնալ բժիշկ
այսօր՝ իրավաբան, քաղաքագետ, դասախոս

Մանկության երազանքի մասին զրույցը Կարենին հիշեցրեց իր պատրաստած մի կոլաժի մասին, երբ ԱՄՆ-ում դպրոցական տարիներին հանձնարարական էր ստացել պատրաստել ու պատկերել, թե ինչ է ուզում դառնալ։ Նրա պատրաստած կոլաժի մարդուկը բժիշկ է եղել։ Ասում է՝ ոգեշնչված է եղել մոր հորդորներով և ընտանիքի բժիշկներով ու մինչև դպրոցն ավարտելը վստահ է եղել, որ հենց նրանց ճանապարհն է շարունակելու։ Կարենի ընտանիքն ամեն կերպ ուղղորդել է իրեն ու եղբորը դեպի բժշկություն, սակայն. «Ամերիկայում ապրելը նպաստեց այլ երազանքի ձևավորմանը։ Արդարադատության կայացած ինստիտուտը, սոցիալական արդարության առկայությունը ստիպեցին ինձ մտածել, որ մարդկանց հենց իմ երկրում ավելի շատ կարող եմ օգնել, եթե դառնամ լավ իրավաբան։ Լավ փաստաբան էի ցանկանում դառնալ, երազում էի, որ արդարությունը կգերակայի։ Երբ համալսարան էի ընդունվում, արդեն վերադարձել էինք Հայաստան: Ընդունվեցի ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, սակայն բակալավրիատն ավարտելուց հետո զգացի, որ ինձ ավելի ձգում է հանրային կառավարումը, բիզնեսն ու հանրային քաղաքականությունը: Դա էր պատճառը, որ մագիստրատուրան շարունակեցի Վարշավայի համալսարանի կառավարման ֆակուլտետում: Մագիստրատուրան ավարտելուց հետո, գիտակցելով «հանրային շահը համընդհանուրի բարիքն է» սկզբունքի կարևորությունը հայ իրականությունում և ունենալով հայրենասիրական արմատացած գիտակցություն, վերադարձա Հայաստան և ուժերս փորձեցի քաղաքագիտության ոլորտում: Մասնավորապես՝ մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս կատարելագործելու նպատակով ԵՊՀ «Հանրային կառավարման» ամբիոնում ընդունվեցի ասպիրանտուրա: Քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալուց հետո մինչև հիմա դասավանդում եմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում: Անցած ուղիս բազմոլորտ է եղել, մասնագիտության ընտրության հարցում որոշումներս՝ շատ տարբեր: Սակայն բոլոր նպատակներիս հիմքում միշտ եղել է օգտակար մարդ դառնալու գերցանկությունը»։

Սոֆյա Այդինյան
երազանքը՝ դառնալ բժշկուհի
այսօր՝ քիմիկոս, երիտասարդ գիտնական

Սոֆյային աշխատանքային պրոցեսի մեջ տեսնելիս կարելի է կարծել թե կախարդուհի է, խառնում է գույները, նյութերը, կրակ է ստանում ու քիմիային այնպես սիրահարված է խոսում, կարծում ես՝ թե ամբողջ կյանքում սրա մասին է երազել։ Պարզվում է՝ ոչ։ Սոֆյայի մանկության երազանքը եղել է բժշկուհի դառանալը։ 2 տարի փորձել է ընդունվել, 0.5 միավորով դուրս է մնացել անվճար համակարգի մրցույթից ու ստիպված ուսումնառել է Քիմիական ֆակուլտետում։ Ասում է. «Երազանքս մարդկանց օգնելն է, փորձում եմ քիմիայի միջոցով իրականացնել հիմա դա։ Կերամիկա եմ ստանում այրման միջոցով, հետո 3D փրինթ անում այդ նյութերից, ստանում դետալներ միջուկային ռեակտորների համար...մի ժամանակ զբաղվում էի իմպլանտներով, դրան դեռ վերադառնալու եմ։ Հիմա աշխարհում 3D փրինթինգով օրգաններ են տպում բջիջներից. երազում եմ գոնե փորձել։ Պատկերացնում եք՝ մեքենայի պես, ինչ փչանա, փոխեն։ Վերջերս սիրտ են տպել...Մարդկանց օգնելուց, փրկելուց վեհ բան չկա»։

Մելանյա Պողոսյան
երազանքը՝ դառնալ քիմիկոս
այսօր՝ խանութի վաճառողուհի


Մելանյան մանկուց կախարդված է եղել քիմիայով, հայրը քիմիկ է, փոքրիկ աղջնակը փորձերին երբեմն ներկա է եղել, կատարել սեփականները։ Տարատեսակ վնասվածքների ու այրվածքների շնորհիվ բացահայտել քիմիայի լավ ու վատ կողմերը։ Ստացել է համապատասխան կրթություն ու երկար տարիներ աշխատել լաբորատորիայում, բայց կյանքի անիվը թեքվում է, երբ խորհրդային կարգերը փլուզվում են ու գործարանները փակվում։ Մելանյան իր կրթությամբ ու դիպլոմով գործազուրկ է դառնում։ Հետո առաջարկում են խանութում աշխատել։ Արդեն 22 տարի է նախկին քիմիկը առևտրի ոլորտում է։ Ասում է՝ հիմա շատ է հեռվացել քիմիայից, անգամ իր իմացած քիմիան է հեռու այսօրվա քիմիայից ու չի պատկերացնում իրեն նորից գիտության ոլորտում։

Քաշա Նիկադիմուս
երազանքը՝ դառնալ բժիշկ
այսօր՝ քահանա

«Փոքր ժամանակ երազում էի դառնալ բժիշկ, ու առ այսօր սիրում եմ այդ մասնագիտությունը, նույնիսկ ինքնուրույն սովորել եմ ներարկումներ անել»,-ասում է Նիկադիմուսը: Նա  հիշում է դիպվածը, որից սկսեց բժիշկ դառնալու մասին երազել. «Մայրս հիվանդ էր, նրա երակները լավ չէին երևում, շտապօգնության բուժքույրը չկարողացավ ներարկում անել: Մայրս էլ է բուժքույր, նա ինձ սովորեցրել էր երակային ներարկում անել, ու ես ոտքի թաթի երակներից ներարկում արեցի մորս, ու այդ օրվանից շատ լավ երակային ներարկում եմ անում: Մեր գյուղում երբեմն մարդկանց օգնում եմ, եթե խնդրում են: Ու մի քիչ էլ հասկանում եմ բժշկությունից: Ու եթե ժամանակ ունենայի, մեծ հաճույքով կսովորեի բժշկական համալսարանում: Բայց կարելի է ասել, որ հոգևորականն էլ է ինչ-որ առումով բժիշկ: Հոգևորականը պետք է կարողանա օգնել հոգևոր պակասով տառապող մարդկանց»։ «Ինձ համար հոգևորական լինելը գործ չէ, դա ինձ համար կյանք է,-ասում է նա ու հավելում,-երբ պատարագից հետո դուրս եմ գալիս եկեղեցուց, ես ինձ շատ թեթևացած եմ զգում: Այնպես եմ ինձ զգում, որ կարծես թե, շատ ծանր գործ անելուց հետո մի լավ  հանգստացել եմ»։

Կարեն Շուռ
փորձել է՝ դառնալ ճարտարապետ
այսօր՝ Tattoo artist

Դաջվածքների հայտնի մասնագետ Կարենը՝ ինչպես իր սերնդի շատ երեխաներ, երազել է դառնալ բժիշկ, բայց երազանքի հետևից երբեք չի գնացել։ Ընտանիքում  հայտնի ճարտարապետների առկայությունը՝ Իզա Չոլախյան, Հրաչիկ Պողոսյան, ենթագիտակցության մեջ ենթադրել է տվել, թե նա էլ պիտի ճարտարապետ դառնա։ Որոշել է սովորել Պոլիտեխնիկում, բայց  դուրս է մնացել, ինչի համար էլ շատ ուրախ է, ասում է՝ հասկացել է, որ ինքն այլ կոչում ունի։ Բանակից հետո ընդունվել է Թատերական ինստիտուտ, սովորել նկարիչ-մուլտիպլակատոր մասնագիտությունը, ինչն այսօր թերևս օգնում է նրան իր գործում։ Տատուարտով զբաղվում է 90-ականներից։ Գրիչից, կիթառի լարից ու ձայնարկիչի մարտկոցից պատրաստված ինքանշեն գործիքով, որն այսօր խնամքով պահում է իր արվեստանոցում որպես հուշ, արել է իր առաջին դաջվածքը՝ հենց  ինքն իրեն։ Այդ ժամանակ դպրոցական է եղել ու ծնողներից թաքուն է պահել։ Ասում է բանակից գալուց հետո է միայն ցույց տվել. «Մորս մոտ մշակութային շոկ էր։ Հայրս լռեց, ոչինչ չասաց, բայց ինչ հիասթափություն էր նրանց համար. ինչ իմանային ինժեներ ծնողներս, որ հանուն դաջվածքների իրենց սիրելի Պոլիտեխնիկական ինստիտուտից էլ եմ հրաժարվելու»։ Կարենն ասում է, որ 10 տարեկան աղջիկ ունի, ով ևս կարողանում է դաջվածքներ անել։ Երբ աղջիկը մեծանա, օրինակ  դառնա 21 տարեկան, պատրաստ է նրա համար էլ դաջվածք անել։

Անահիտ Սամսոնյան
երազանքը՝ հագուստի մոդելավորող
այսօր՝ ճարտարապետ


Անահիտը 6 տարեկանում հստակ որոշել էր՝ դառնալու է հագուստի մոդելավորող։ Ասում է՝ հայրիկի քեռին հայտնի նկարիչ է եղել ու ամեն անգամ իրենց հյուր գալով ու տեսնելով նրա նկարածները ՝ հորդորել է չթողնել նկարելը։ Ինքն էլ ոգեշնչվել ու զգեստներ է նկարել։ Անահիտը հիշում է, որ իր նախագծածներով շատ զգեստներ է կարել տիկնիկների համար։ Դրանք այժմ պարկերով պահում է մայրը։ Դիզայներական դպրոց ընդունվելու համար այդ տարիներին փոքր է եղել, իսկ երբ մեծացել է, մոռացել է երազանքի մասին ու դարձել ճարտարապետ։ Իր մասնագիտության մեջ ասում է՝ խենթ պահերը շատ են. « Էն փոշոտ տեղերում չափագրությունը , էսքիզները, քանոնամատիտամոլբերտամարկերախառը վիճակները , ճաշակով պատվիրատուները (չնայած շատ քիչ են իրանք), նախագծման ամբողջ ընթացքն էլ հավե՜ս»։ Անահիտի համար աշխատանքի մեջ ամենավատը, որ կարող է լինել, անճաշակ պատվիրատուն է։ Երիտասարդ ճարտարապետը  երազանքի տուն ունի, որը ավարտին չի հասցնում արդեն քանի տարի, քանի որ անընդհատ փոփոխում է։ Ասում է՝ այդ  տունը նկարելու իմաստն էլ հենց  երազանքի վրա աշխատելու հաճույքն է։

Վարդան Օհանյան
երազանքը՝ գործարար
այսօր՝ տաքսու վարորդ



Վարդանը մանկուց երազել է մեծահարուստ դառնալու մասին. ասում է մեծ բիզնես վարելը ոչ միայն մանկության երազանք է, այլ՝ այսօրվա նպատակ, որին դեռ հասնելու է, բայց մինչ այդ տաքսի է վարում, որ պարտքերը փակի։ Ծանր աշխատանքից չի վախենում, որովհետև Երևան-Ստեփանակերտ գծի վրա տաքսիստ լինելը ևս թեթևներից չէ։ Ասում է՝ տաքսի վարելն էլ է սիրում. նախ ծանոթանում ես շատ հետաքրքիր մարդկանց հետ, հետո՝ հենց այս գծի առավելությունն այն է, որ գրեթե ամեն անգամ մի զնվորի, զինվորի ծնողի ինչ-որ հարցով  կարողանում է օգնել ու իրեն երջանիկ է զգում այդ մտքից։

Աշոտ Խաչատրյան
երազանքը՝ ատամնաբույժ
այսօր՝ խոհարար



Աշոտ Խաչատրյանը Գերմանիայում է սովորել բժշկություն ու աշխատել որպես ատամնաբույժ Մյունխենում։ Փողի կարիք է եղել, մի իտալական խոհանոցում խոհարարի օգնական է դարձել, բայց քանի -որ մանկուց պատրաստելու հոբի է ունեցել, արագ սովորել է և դարձել խոհարար։ Ասում է՝ գուրման լինելը բժշկությունից սահուն նրան քաշել տարել է խոհարարություն։
«Դեռ փոքր երեխա էի, քույրերիցս շատ ես էի մայրիկիս հետ խոհանոցում պատրաստում, հնարում։ Սիրում էի իմ պատրաստածն ուտել, իմպրովիզներ անել։ Գուրման մանկուց են լինում...հասկանում եք, երբ ուտում ես ոչ թե կշտանալու, այլ հաճույք ստանալու համար։ Ընդհանրապես համեր, ռեցեպտորներ զգալու համար հարկ է կիսաքաղցած լինել։ Խոհարարները օրվա ընթացքում կուշտ չեն ուտում, որ այսպես ասած «բերանի համը» չկորցնեն»։ Աշոտն այժմ վերադարձել է Հայաստան և «Մերսի» գաստրոռեստորանում շեֆ-խոհարար է աշխատում։ Նա ասում է երջանիկ է, որ հոբին նաև աշխատանք է ու ամեն օր իր աշխատանքից հաճույք է ստանում։

Սարգիս Գայիջյան
երազանքը՝ դառնալ բժիշկ
այսօր՝ դիրիժոր


Սարգիս Գայիջյանին երաժշտական աշխարհ է մտցրել մայրը՝ ով Ղարսից գաղթած մեծահարուստների ժառանգներից է եղել և արվեստի մեծ սիրահար։ Սարգիսը հիշում է՝ ինչպես էր մոր հետ գնում թատրոն, օպերա, բալետ։ Մայրը նրան նաև ակորդեոն է նվիրում և տանում երաժշտական դասերի։ Սարգիսի երազանքը, սակայն կապված չի եղել երաժիշտ դառնալու հետ, նա ցանկացել է բժիշկ դառնալ։ 8-ամյա Սարգիսը աչքի է ընկնում երաժշտական ունակությամբ ու շուտով հայտնվում հեռուստատեսությունում։ «Հենց եթերում հայտնվել էլ դարձավ պատճառ, որ չգնացի երազանքիս հետևից։ Այդ տարիներին մի անգամ հեռուստատեսությամբ երևում էիր, սկսում  էին մատով ցույ տալ՝ թե «Տելիվիզրի միջի տղեն ա»։ Աղջիկները սիրահարվում էին, տղաները նախանձում։ Դասարանում միշտ այդ նախանձի պատճառով խնդիրներ ունեի։ 8-րդ դասարանում այդ ամենից հեռու մնալու, ոչ տղայական նեղացկոտության, խարդավանքերից զերծ մնալու համար դուրս եկա դպրոցից ու գնացի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարան՝ 2 բաժին ավարտեցի՝ ժող գործիքներ ու դիրիժորական, հետո ընդունվեցի Կոնսերվատորիա»։

Հանուն բանակում ծառայելու Սարգիսը հրաժարվել է իրեն առաջարկված աշխատանքից ու գնացել ծառայելու։ Բանակից հետո գյուղում է աշխատել՝ երաժշտական դպրոցում որպես ուսմասվար։ Հետո Մանկավարժական համալսարանի դասախոսներից մեկին՝ կոնցերտմեյստեր, դաշնակահար, վիոլենչելիստ  Լևոն Աբրահամյանին 2 շաբաթով փախարինելու առաջարկ է եղել։ 2 շաբաթն այսօր արդեն դարձել է 40 տարի. «Մի րոպե անգամ չեմ ափսոսում բժիշկ չդառնալուս համար։ Երաժշտությունն էր ընկել իմ հետևից ու կլանեց տարավ անվերադարձ։ Այդպես էլ պիտի լիներ. արվեստներից ամենաբարձրն ու աստվածայինն է երաժշտությունը։ Միայն երաժշտությունն է ի զորու հունից հանել 3 վարկյանում։ Երաժշտություն ամեն վարկայն կա. եթե անգամ չենք լսում։Երաժշտությունը ծնվում է մարդու մեջ։ Մարդիկ իրար սիրում են երաժշտություն կա, ամեն շարժման մեջ  երաժշտություն կա, երկնքից երաժշտություն է թափվում՝ ամեն վայրկյան»։

Վարազդատ  Ռաֆայելյան
երազանքը՝ դառնալ ռոք երաժիշտ
այսօր՝ լուսանկարիչ



Pan photo-ից հայտնի Վարոն լուսանկարիչ դառնալու երազանք չի ունեցել։ Դեռահասության շրջանում 3 ընկերով ռոք խումբ են ձևավորել, անգամ երգեր են ձայնագրել ու հավատացել, որ երաժիշտ են դառնալու։ Այն երկուսը երգն են ընտրել որպես մասնագիտության, բայց ոչ Վարոն։ Ասում է՝ քանի-որ դեռ մանկուց իր ընտանիքում հաստատված էր , որ նա մեծանա բժիշկ է դառնալու, ինքը իներցիայով հենց բժշկական էլ ընդունվել է, ավարտել ու 10 տարի աշխատել որպես ատամնաբույժ։ 
«Ես բարդույթներ չունեի, որ լինելով բժիշկ այլկերպ էլ գումար վաստակեմ ու աշխատանքից ազատ ժամերին խոհարար ու մատուցող էի աշխատում մի քանի տարբեր ժամանցի վայրերում։ Գնել էի լուսանկարչական ապարատ ու սկսեցի նաև նկարել այդ ռեստորանների միջոցառումները։ Սկզբում՝ ինքս ինձ համար, հետո՝ պատվերով, հետո ընդլայնվեց շառավիղը, ավելի շատ սկսեցի ուսումնասիրել այս արվեստը։ Լրիվ պատահական cv -ի ուղարկեցի Pan photo, ընդունվեցի աշխատանքի։ Լուսանկարելը էն մասնագիտությունն է, որ ամեն օր մի բան կարելի է սովորել՝ թե նկարելով, թե գրականություն կարդալով... երևի թե դրանով էլ գրավում ու պահում է. չի ձանձրացնում»։

Նատալյա Բեկնազարյան
երազանքը՝ դառնալ հագուստի դիզայներ
այսօր՝ Zipline-ի հրահանգիչ

Զիփլայնի հրահանգիչ Նատալյան իր թռիչքի ժամանակ ակրոբատիկ շարժումներով 
ստիպում է շունչը պահած հետևել իրեն։ Վայրէջքից հետո էլ առանց հոգոցի, թեթև ու հանգիստ շարունակում է աշխատել։ Ասում է՝ շատ տարբեր աշխատանքներ է արել, բայց այս մեկը ամենաիսկականն է, ամենահոգեհարազատը։

«Երբ փոքր աղջիկ էի, երազում էի հագուստի դիզայներ դառնալ, լավ էի նկարում... ավարտեցի Սանկտ Պետերբուրգի տեքստիլի ինստիտուտը, հետ եկա Հայաստան, Իջևան ու ստացվեց այնպես, որ  հարազատներիս համար էի միայն կարում։ 90-ականներին Իջևանում շատ դժվար էր կայանալ այդ ոլորտում։ Յել-էքսթրիմում էլ պատահական եմ հայտնվել, սկզբում ադմինիստրատոր եմ եղել, հետո՝ տեսնելով իմ մեջ հրահանգիչ-ուղեկցողի ջիղը, ուղարկել են սովորելու, վերապատրաստվելու ու առաջարկել այս աշխատանքը։ Ամեն մեկի հետ վախ հաղթահարելը, վայելքը, զվարճանաքը հավասար ապրում եմ։ Աշխարհի ամենալավ գործն է»։

Լուսինե Միսակյան
երազանքը՝ ծրագրավորող
այսօր՝ հագուստի դիզայներ



Լուսինեն այն սերնդից է, որ համակարգիչը տեսել էին նկարներով, բայց ձգտումները չէին սահմանափակվել։ Որոշելով դառնալ համակարգչային մասնագետ, ստացել է համապատասխան կրթություն։ Ասում է՝ ամենավատ տարիներն էին, երբ նույնիսկ ավտոբուս ու տրոլեյբուս չկար ու շատ հաճախ դասի գնում-գալիս էին ոտքով. «Կյանքի գնով սովորեցինք, չկիրառեցինք...էդպես գնաց կորեց ամեն բան։ Բայց  ուսանողական կյանքը սովորեցրեց այլ մասնագիտություն ևս. քանի որ մեր ժամանակ ամեն ինչ դժվար հասանելիություն ուներ, իսկ ուսանողները միշտ մտածում են հագուկապի մասին, ես որոշել էի ինքս կարեմ իմ զգեստները։ Մայրիկիս կտորներով, ամսագրերի վերջին նմուշներով զգեստներ էի կարում։ Բոլորը նախանձում էին, խնդրում իրենց համար էլ կարեմ։ Ինչ-որ մանր բաներ չէին ստացվում, գնացի մասնավոր դասերի ու ավելի հմուտ էի կարի մեջ։ Այդպես դարձա դերձակ, հետո էլ՝ հագուստի դիզայներ։ Այսօր, որ հետ եմ նայում, ափսոսում եմ, որ երազանքս էդպես քայքայվել է, բայց նաև կարելը, ստեղծագործելն է իմ տարերքը»

Անհայտ
երազանքը՝ դառնալ հատուկ ջոկատային
այսօր՝ դիպուկահար



Ի տարբերություն մեր մյուս մասնակիցների Անհայտը  երազել է դառնալ դիպուկահար ՝ հենց մանկուց։ 4 տարեկանում արդեն երազում էր լինել Հատուկ նշանակության ջոկատում։ Սերը զենքի, զինտեխնիկայի՝ հատկապես գերժամանակակից նա վեր է դասել ամեն ինչից։ Երբ հարցրի, իսկ հիմա մասնագիտություն փոխելու մասին չես մտածում, ասաց, թե նախկին դիպուկահարներ չեն լինում ու բացի այդ հայրենիքը անտեր թողնել չի կարելի։
«Եթե ոչ ես, ապա, ո՞վ։ Նվիրում է պետք, ամբողջովին, հոգով, սրտով, մարմնով։ Հայրենիք չի կարելի պահել հավեսից կախված՝ էսօր եղանակը լավ է, ես զինվոր եմ, վաղը՝ չէ, քաղաքացիական։ Ճիշտ է՝ մանկական երազանք է, բայց մասնագիտական ընտրություն արել եմ հասուն տարիքում ու լիովին գիտակցված»։ Երբ հարցրի հատկապես ինչ հատկանիշներ են պետք դիպուկահար դառնալու համար, ասում է Սեր, շատ մեծ սեր ազգի ու հայրենիքի նկատմամբ։ Փող, սիրած աղջիկ, այլ շահեր երկրորդական են, կարևորը մեր սուրբ հողը պահելն ա»։

Լուսինե Այվազյան
երազանքը՝ դառնալ երաժիշտ-կատարող
այսօր՝ ուսուցչուհի երաժշտական դպրոցում

Լուսինեն ասում է, թե երբեք չի պատկերացրել իրեն որպես ուսուցչուհի, բայց դեռ ուսանող ժամանակվանից՝ 17 տարեկանից, մտել է երաժշտական դպրոց որպես կիթառի ուսուցիչ ու մնացել։ Փորձել է ակումբներում նվագել ու երգել։ Զգացել է՝ իրենը չէ։ Մեկ-մեկ տխրում է, որ իր երազած բեմերում չի, բայց հետո հիշում է աշակերտներին ու հասկանում, որ արժեր։ Երազանքի հետևից չգնալու հարցը ինքնաքննադատական տրամադրություն է առաջ բերում Լուսինեի մոտ, ասում է. «Դե հետևողական չէի, չպայքարեցի, չդիմացա. կոմֆորտիս զոնայից դուրս չեկա»։ Հետո միտքը փոխում է՝ «Բայց ամեն ինչ դեռ առջևում է, երևի մի օր կզարմացնեմ բոլորին։ Ինչ իմանանք»։

Այվազյան Սերգեյ
երազանքը՝ իրավաբան
այսօր՝ կոշկակար

63-ամյա Սերգեյն այսօր կոշկակարությամբ է զբաղվում։ Ասում է՝ ունի երկու բարձրագույն կրթություն՝ իրավաբանական ու տնտեսագիտական։ Երազել է դառնալ իրավաբան, ընդունվել ավարտել է, բայց, նրա խոսքով՝ մայրը համաձայն չի եղել այդ մասնագիտությանը ու ինքը երկրոդ կրթությունն է ստացել՝ որպես տնտեսագետ։ Այդ ոլորտում էլ աշխատել է, բայց թողել է ու զուտ հաց վաստակելու համար զբաղվել կոշկակարությամբ։ Կատակասեր կոշկակարին Սարյան փողոցում գիտեն բոլորը։ Երբ հարցրի, իսկ ի վերջո որն էր ավելի շատ սիրում՝ իրավաբանությունը, թե տնտեսագիտությունը , ծիծաղելով ասում է՝ «Եթե ես իմ կյանքում մի բան շատ եմ սիրել, դա աղջիկներն են եղել... ու չեմ զղջում»։

Արսեն Մկրտչյան 
երազանքը՝ դառնալ ոսկերիչ
այսօր՝ վարսահարդար



Արսենը մանկուց սիրել է ոսկերչությունը։ Զարդարվեստը նրան գայթակղել է իր խստապահանջության ու ազատության միքսով։ Ասում է՝ դեռ 4 տարեկանից է կարողացել ամեն հնարավոր նյութից զարդեր պատրաստել։ Բակի աղջիկների սիրելին է եղել այդ շնորհի պատճառով։ Հետո հասկացել է, որ կանացի վարսերն էլ պակաս հարուստ նյութ չեն ստեղծագործելու համար ու սկսել է զբաղվել վարսահարդարությամբ։

Օվսաննա Գաիջյան
երազանքը՝ օպերայի երգչուհի
այսօր՝ նկարչուհի


Օվսաննայի նկարներում կյանք ու արև է։ Ընդհանրապես նկարչության մեջ կա «կնոջ ձեռք» ու «տղամարդու ձեռք» հասկացությունը. նրա նկարները նայողները զարմանում են, որ փխրուն, կապուտաչյա, թափանցիկ կին է արվեստագետը։ Ասում են՝ թունդ գույներ է օգտագործում, համարձակ շտրիխներ ու «պինդ» է նկարում։ Օվսաննան նկարել է մանկուց, ասում է՝ երբ բոլոր երեխաները վազվզում էին, խաղում, ինքը նկարում էր՝ կավիճով, մատիտով...ինչ կար. «Բայց նկարչուհի դառնալու մասին չէի երազում։ Շատ էի սիրում օպերային երգեցողությունը։ Ուզում էի օպերային երգչուհի դառնալ։ Ընտանիքիս անդամները մինչ օրս հիշեցնում են ՝ ինչպես էի ես զուգվում-զարդարվում, հայելու առաջ օպերային երգչուհու կեցվածք ընդունելով երգում արիաներ տարբեր ստեղծագործություններից։ Դե ծնողներս երաժիշտ են, տատիկս էլ է լավ երգել։ Բայց...ծնողներս դեմ էին, որ դառնամ երգչուհի կամ նկարչուհի ու ես ստացա բժշկական կրթություն։ Երկար ժամանակ չէի նկարել։ Մի ռուսական սերիալ նայեցինք, երբ նկարչուհու մոտ վերադառնում է իր տաղանդը ու մեծ տարիքում կրկին սկսում է նկարել ու հաջողության հասնում։ Քույրս ասաց՝ «Դու ես, վաղվանից սկսիր նկարել»։ Սկսեցի, 25 տարեկանում երկրորդ կրթությունս ստացա Թեռլեմեզյանում ու մինչ օրս նկարում եմ», -պատմում է նկարչուհին ու տխրում. «Արդեն 2 տարի է չեմ կարողանում նկարել...միայն շարֆերի վրա եմ նկարում։ Դա, իհարկե, գեղեցիկ արվեստ է, բայց նկարչություն չէ։ Պետք մի բան լինի, որ մուսաս գա»։

Արամ Ավետիս
երազանքը՝ հոգեբան
այսօր՝ գրող



Արամն արդեն 5 տարի է ՝ աշխատում է գրախանութում որպես գրքի խորհրդատու։ Նա նաև ժամանակակից գրող է, կինոգետ։ Նրան ամենաբարկացնողն հարցն է «Իսկ ինչի մասին է գիրքը» արտահայտությունը։ Ասում է՝ չի կարելի այդպես նվազեցնել գրքի արժեքը՝ պրիմիտիվացնելով մի բառով, թե ինչի մասին է այն։ Արդեն պատրաստ է Արամի առաջին գիրքը՝ «Կույր կետադրությունը»։ Մանկության երազանքի մասին հարցին Արամը պատասխանում է գեղեցիկ բառախաղով. «Երեխա ժամանակից սիրում էի կարդալ, որոշել էի դառնալ հոգեբան։ Հետագայում ես հասկացա, որ այդ մասնագիտության մեջ ինձ գրավում էր գրականությունը.այսինքն՝  կենդանի խոսքը, շփումը։ Դա հենց գրականությունն է։ Ու ի վերջո՝ հոգեբանի դեղն էլ բառն է։ Խոսքը»։

Ասում եմ՝ ու բառն էլ սահուն տարավ գրականություն, պատասխանում է՝«Ես ի սկզբանե բառին էի ձգտում, իսկ հոգեբանությունը դա թափանցիկ  փառ էր։ Փառի տակ բառ։ Կրկին գրականություն»։
 

Լիանա Ասլիբեկյան
երազանքը՝ դառանալ ուսուցչուհի
այսօր՝ կոսմետոլոգ



Բժիշկ կոսմետոլոգ Լիանան  փոքր ժամանակ երազել է դառանալ ուսուցչուհի։ Ասում է՝ ամենասիրելի խաղը «դպրոց-դպրոց»-ն է եղել ու ինքը միշտ խիստ ուսուցչուհու կերպարում է եղել։ 
«Երբ մեծացա, հասկացա և շրջապատում էլ ասում էին, որ լավ հոգեբան կլինեմ, հասկանում էի մարդկանց, զրուցում, կարողանում շեղել տխուր մտքերից, հարցերի միջոցով օգնում գտնեն իրենց հուզող պատասխանները։ Դե ուղղակի ես մի քիչ ավելի շատ էի կարդացել դեռ դպրոցական տարիքում Ֆրեյդ, Ֆրոմ, Կանտ...Ընդունվեցի հոգեբանության ֆակուլտետ, բայց սովորելու ընթացքում ինչ-որ ապատիա էր մոտս այդ մասնագիտության նկատմամբ։ Գուցե ծիծաղելի թվա, բայց լսարան մտած դասախոսներին, ուսանողներին նայում ու մտածում էի ՝ ինչպես կարելի է դիմահարդարել, հանել ունքերը նրանց։ Համալսարանին զուգահեռ բուժական կոսմետոլոգիա սովորեցի ու ավարտելուց հետո մինչ օրս աշխատում եմ ՝ արդեն 15 տարի»։

Նունե Ավետիսյան
երազանքը՝ դառնալ բժշկուհի
այսօր՝ լրագրող



Նունեն բուժաշխատողների ընտանիքից է։ Մանկությունն անցել է բժշկուհի մայրիկի աշխատավայրում, երբ զինվում էր բժշկական գործիքներով, հագնում խալաթն ու մայրիկից թաքուն մտնում հիվանդասենյակներ ու զննում հիվանդներին։ Ասում է՝ հիմնականում բոլորը խաղի մեջ էին մտնում հետը, զրուցում փոքրիկ աղջնակի հետ ասես նա իրոք բժշկուհի է. «Կասկած էլ չունեի, որ ուրիշ մասնագիտություն կընտրեմ...բայց երբ դպրոցն ավարտում էի շատ վատ պայմաններ էին, Բժշկական համալսարանի վարձն էլ թանկ։ Ընդունվեցի գյուղինստիտուտ, բայց ոչ մի հոգեհարազատ բան չկար։ Հետո ընկերներս ժուռնալիստական դասընթացի մասին պատմեցին, սկսեցի հաճախել,հետո աշխատանքի հրավեր ստացա ու սիրահարվեցի այս մասնագիտությանը։ Արդեն 10 տարի է այս ասպարեզում եմ. հիմա ոչնչի հետ չեմ փոխի մասնագիտությունս։ Երբեմն մտածում եմ, որ ես չեմ գնացել երազանքիս հետևից, այլ նա է եկել ու ինձ գտել»։


Կարեն Թևանյան
երազանքը՝ դառնալ դերասան
այսօր՝ ատամնաբուժ



Կարենը մանկուց վստահ է եղել, որ դերասան է դառնալու։ Թատերական խմբակների է մասնակցել։ Խաղացել ներկայացումներում։ Անգամ հեղինակային հաղորդաշարի ծրագիր է գրել, որոշել ներկայացնել հեռուստատեսություններին, որպեսզի համագործակցեն, բայց գնաց բանակ։ Ասում է՝ բանակը կյանքը փոխել է հիմնահատակ։ Որոշել է բժշկությունից, կյանք փրկելուց կարևոր բան չկա այս կյանքում ու որոշել է դառնալ բժիշկ։  Այսօր արդեն նա ատամնաբուժ է ու ասում է, թե շատ բնական է, որ իր մանկական երազանքը չի կատարվել. «Ես էլ եմ մեծացել ու փոխվել, երազանքներս էլ։ Անունն էլ դրա համար է երազանք, որ չի կատարվելու հակում չունի»։

Սերոբ Ալոյան
երազանքը՝ գործարար
այսօր՝ շինարար

Սերոբը անում է այն, ինչ մեր ժողովրդի ամենամեծ մասը՝ խոպանչիություն։ Արտագնա աշխատանքը սեզոնային է։ Սերոբը շինարարության վրա է աշխատում։ ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտը թեև իր մասնագիտությամբ չի աշխատում, բայց գոհ է կյանքից։ Ասում է. «Գիտես ինչ՝ ես այստեղ 10 անգամ ավելի շատ կարող եմ աշխատել, քան այդտեղ իմ բարձրագույն կրթությամբ, եթե գտնեի աշխատանք։ Հետո միայնակ չեմ այստեղ։ Ընտանիք, հարազատներ»։ Հարցնում եմ, միթե փողն է ամենակարևորը, կատակում է, թե. «Այո, ես ատամահատիկիս փող եմ քաշել»։

Հ.Գ. Այս նախագիծը մի քիչ տխուր էր, մի քիչ մոտիվացնող։ Մի պահ մտածենք՝ ինչ կասեր մեզ այն երեխան, որ հենց մենք էինք տարիներ առաջ, երբ տեսներ՝ ինչ ենք արել իր երազանքի հետ։  
Երբեք չդադարեք երազել։

 
«
Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ իբր դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ»:
Գաբրիել Մուչինո



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}