Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը. Շարմազանով
Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ իրականացնում է խաղաղ բանակցությունները տորպեդահարման քաղաքականություն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին:
«Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ՝ դա Ադրբեջանի Հանրապետությունն է, և այդ իմաստով մի բան կարող ենք ասել, որ միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին, կարծում եմ, պետք է հետևեն հստակ պատժամիջոցները, քանի որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում է տարածաշրջանային կայունությանը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, որն Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում իր ելույթում ևս մեկ անգամ հնչեցրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի անվտանգությունն է ու ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այս երկու հարցերում մենք միակողմանի զիջումների չենք գնալու: Մենք՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանակցային գործընթացով հասնենք այս խնդրի արդարացի լուծմանը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Արցախի ժողովրդի՝ արդեն իրացված իրավունքը: Սա է մեր նպատակը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը