Կոնդի մասով առ այսօր քաղաքաշինական վերջնական լուծման բանալի չկա. Նարեկ Սարգսյան
«Իհարկե, կարող եմ ասել, որ դա շատ ծանր ժառանգություն էր, բոլորը գիտեն: Այս վերջին տարիներին հսկայական քայլեր արվեցին, որպեսզի այդ խնդիրները լուծվեն»,- Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին՝ իրացման տարածքների՝ Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան, Արամի փողոցների բնակիչների խնդիրների հետ կապված:
Պատգամավորը նշեց, որ այդ բնակիչների մի մասն իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող կազմակերպությանը, մի մասը մնացել է այդ տարածքներում՝ վիճելի հանգամանքներում, դատական գործընթացներ են տեղի ունենում, ապրում են անմարդկային պայմաններում:
Ն. Սարգսյանն ասաց, որ կոմիտեն այդ հատվածների հետ առնչություն ունի բացառապես մասնագիտական փաստաթղթեր մշակելու առումով՝ նախագծեր մշակել, հաստատել, համաձայնություն տալ, իրացման խնդիրներն իրենց կոմիտեի լիազորություններից դուրս է:
Նա նշեց, որ Ֆիրդուսում նախկին իրացված տարածքներում երկու տասնյակ ընտանիք է մնացել, Կոնդում այդ շենքերի շինարարությունն ընթացքի մեջ է:
«Չի արվում այն տեմպերով, որը կարող է մեզ գոհացնել, բայց շինարարությունն ընթանում է»,- հավելեց նա:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Ֆիրդուսի ներդրումային ծրագիրը պատրաստ է. «Վստահ եմ, որ Ֆիրդուսի տարածքում այն բնակիչները, ովքեր դեռևս պետք է իրացման պայմանագրեր կնքեն, չի լինի նույն պատկերը, ինչ եղավ նախորդների հետ»:
Նա նշեց, որ Կոնդի հետ կապված ավելի բարդ ծրագիր է:
«Խոսքը վերաբերում է Կոնդի այն բնակիչներին, ովքեր այդտեղ շարունակում են ապրել, իրացման պայմանագրեր չունեն: Կոնդով հանդիպում ենք բազմաթիվ ներդրողների հետ, այդ թվում նաև արտերկրից: Զուգահեռ 4-5 կազմակերպության հետ բանակցում ենք: 16 հեկտար տարածք է զբաղեցնում, ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ, ի տարբերություն մյուս տարածքների: Կոնդի մասով առ այսօր քաղաքաշինական վերջնական լուծման բանալի չկա: Կան հատվածներ, որոնք արժեք են ներկայացնում, բայց լոկալ տեղերում են, կան հատվածներ, որոնք ամբողջապես հնարավոր է բարձրահարկ շենքերի կառուցման համար տրամադրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը գաղտնի է պահել Ֆիրդուսի տոնավաճառը վերացնելու որոշումը. «Հրապարակ»
- Նախագահը հանձնարարել է զբաղվել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի բնակիչների խնդրով
- Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ
- Կներկայացվի առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ
- Նախարարը՝ Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի մասին
- 20 բնակարան հանձնվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Իրացման գոտու բնակիչները կառուցապատողին այլընտրանքային տարբերակ են առաջարկում
- Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի լուծումը` կառավարության նիստի օրակարգում