Սահմանը հարյուր տոկոսով բաց է, ով ինչ ցանկանա, կարող է ներկրել. Վարդան Հարությունյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանը բաց է բոլոր ներկրողների առաջ, ով ինչ ցանկանա, կարող է ներկրել:
«Հարյուր տոկոսով բաց է: Դուք բերեք մի փաստ, որ ինչ-որ մեկն ուզում է մի բան ներկրել, և հարկային ու մաքսային մարմինները խոչընդոտում են: Խնդրում եմ՝ տվեք այդ ինֆորմացիան»,- նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե օրինակ՝ շաքարավազ քանի՞ ընկերություն է ներկրում, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Շատ ընկերություններ, շատ-շատ, քսանից ավելի ընկերություններ: Նույնը վերաբերում է բանանի ներկրմանը: Ուղղակի ձեր մոտ կարծրատիպ է, որ շարքարավազը պետք է ներմուծի մի մարդ, բանանը՝ ուրիշ»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա, Վարդան Հարությունյանն ասաց, որ հարկերն են ավելացել. «Բնական է, որ եթե նախկինում որոշ ընկերություններ ստվերում էին գործում, բայց այսօր ստվերում չեն գործում, գնի վրա դա որոշակի ազդեցություն պետք է ունենար»:
ՊԵԿ նախագահը լրագրողներին խոստացավ տեղեկատվություն տրամադրել, թե որ
ապրանքատեսակների շուկան է ազատականացվել:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահն իր ունեցվածքի, խոշոր ընկերություններում ստուգումների մասին
- «Եթե ունեք ինֆորմացիա՝ տրամադրեք». ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին