Մելքումյան. Արդիական է շփման գծում խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղաբաշխումը
«Հայաստանի համար փախստականների խնդիրը նույնպես շատ կարևոր է և արդիական՝ Սիրիայից ներգաղթող փախստականների առումով: Այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 փախստականների»,-նշել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում:
Նա ընդգծել է, որ այսօր պետք է ոչ միայն քննարկել, այլև գտնել համարժեք լուծումներ, այդ թվում՝ Եվրոպայում և այլ երկրներում համանման իրավիճակների լուծման նպատակով:
«Այդ գործընթացին գնահատականներ տալու համար նույնիսկ մենք չունենք համապատասխան գործիքներ, որովհետև տարբեր երկրներում, կախված փախստականների թվաքանակից, նրանց՝ տեղում հարմարվելու պայմաններից, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կենսաապահովման խնդիրների լուծման ծախսերի միջև կան հսկայական տարբերություններ: Ուստի մենք պետք է ունենանք գնահատման համարժեք մեխանիզմներ»,-ասել է Մ. Մելքումյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու, ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների:
«Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում և Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության: Ուստի ես գտնում եմ, որ այդ թվում ԼՂՀ և ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձությունները այլընտրանք չունեն, քան ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումը:
Այդ նպատակով առավել քան արդիական է մնում կոնֆլիկտի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների անհապաղ տեղաբաշխումը»,-ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն ընդունեց հակակուռուպցիոն բանաձևեր՝ կարևորելով ԶԼՄ-ների դերը
- ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը
- Թեժ քննարկում․ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Ագրամունտի «պաշտպանական ճառով»
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ