«Այցելեք Արցախ և կհամոզվեք». Շարմազանովը` Յան Բարտոշեկին
«Տարիներ շարունակ Դուք պայքարել և պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ և ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն՝ այսօր Պրահայում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ հանդիպմանը։
«Այցելեք Արցախ և կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»,- ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը։
Նա նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժևորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում: