Հայաստանը հասկացնում է, որ ԼՂՀ-ն պետք է բանակցային կողմ դառնա. Ստյոպա Սաֆարյան
Panorama.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Panorama.am - Պարոն Սաֆարյան, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր չի բացառել, որ հուլիսին կարող է հանդիպել ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը՝ մանավանդ սահմանին ադրբեջանական դիվեսիոն վերջին փորձերի ֆոնին։
Ս. Սաֆարյան - Հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներում երկու տարբեր շահագրգռություններ կան՝ ռուսական և արևմտյան։ Բացի այդ՝ առ այսօր առկա է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի միջև անտեսանելի կոնֆլիկտը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները առաջնային են համարում Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը՝ որպես իրավիճակի կառավարման և զսպան մեխանիզմների ներդրում։
Հայաստանի շահերը, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, սերտորեն համընկնում են արմտյան համանախագահների և Վիեննայի օրակարգի հետ, որոնք առաջին հերթին դնում են վստահության միջոցների ամրապնդման խնդիրը և նոր միայն հակամարտության կարգավորման բովանդակային քննարկումների շարունակությունը։ Ռուսական կողմն իր հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում առաջնահերթությունները խախտել է և առաջին պլան բերել Ադրբեջանի նշած սուբստանտիվ՝ առարկայական բանակցությունների խնդիրը, ինչը հակասում է Հայաստանի դիրքորոշմանը։
Եթե անգամ հայ պաշտոնյաները հերթական անգամ համաձայնում են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերներին, չպետք է մոռանան 2016-ից ի վեր բարձրաձայնած իրենց դիրքորոշումը, առավել ևս այժմ՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր ռիսկի պայմաններում։ Ավելին, Հայաստանը չպետք է տեղի տա, խախտի հերթականությունը և առաջին պլան բերի սուբստանտիվ բանակցությունների թեման, որը վերջին ամիսներին հորջորջում է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը։
Panorama.am - ՀՀ արտգործնախարարի հավաստմամբ, Վիեննայում՝ ԵԱՀԿ գրասենյակում պահվող բոլոր բանակցային փաստաթղթերում ամրագրված է, որ «ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին»։ Որքա՞ն կարևոր է այս հանգամանքի մատնանշումը՝ հաշվի առնելով, որ կարծես նախադեպային հայտարարություն լինի։
Ս. Սաֆարյան - Հայաստանը հասկացնում է, որ ԼՂՀ-ն պետք է բանակցային կողմ դառնա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադրումից ի վեր՝ փաստաթղթերում անհերքելիորեն ամրագրված է Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմ լինելը։ Այս կտրվածքով, բոլոր հաջորդող բանակցություններում այս փաստն արտացոլված չլինել չէր կարող։ Էդվարդ Նալբանդյանը, տարիներ շարունակ այս մասին չխոսելուց հետո, այժմ փակագծեր է բացում և հասկացնում, որ անգամ առարկայական բանակցություններում Արցախը բանակցությունների կողմ է»։
Panorama.am- Չե՞ք գտնում, որ ՀՀ պաշտոնյաները բանակցությունների ժամանակ պետք է կիրառեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը, մինչդեռ հետևողականորեն խուսափում են դրանից։
Ս. Սաֆարյան - Ողբերգությունը գալիս է այնտեղից, որ Հայաստանը1998 թվականին բանակցություններից դուրս թողեց Լեռնային Ղարաբաղին։ Եթե մենք ունենայինք եռակողմ բանակցային ձևաչափ, Հայաստանն իր հռետորաբանության մեջ հանգիստ կարող էր օգտագործել նաև «ԼՂՀ» եզրույթը։
Բայց քանի որ տեղի է ունեցել անցանկալի փոփոխություն, Հայաստանը դիվանագիտական և պաշտոնական մակարդակով խուսափում է կարգավիճակը շեշտել, որպեսզի ցույց տա, որ հավատարիմ է մինչև առկա բանակցային փաստաթղթերին։ հայասստանը ուզում է ցույց տալ, որ որևէ նախապայմանով չի կանխորոշում խնդրի կարգավորմանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհնար է առանց Արցախի մասնակցության որևէ համաձայնության գալ. Էդվարդ Նալբանդյան
- Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Մամեդյարովի հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան