Վերջին տարիներին նվազել են հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը. Գլխավոր դատախազ
2016 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 18 հազար 764 դեպք, 100 հազար բնակչին բաժին է ընկնում 627 դեպք: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով, այս ցուցանիշով Հայաստանը էական դրական պատկեր է ապահովում ԱՊՀ այնպիսի երկրների շարքում, ինչպիսին է Ղազախստանը, ՌԴ-ն, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը:
Ա. Դավթյանի ներկայացմամբ, վերջին տաս տարիների տվյալները վկայում են, որ Հայաստանում տարեցտարի արձանագրվել է գրացված դեպքերի աճ. եթե 2007 արձանագրվել է 8428 հանցագործության դեպք, 2016-ին՝ 18 հազար 764:
«Այս դինամիկան հիմնականում հանցագործությունների հաշվառման գործընթացներով է պայմանավորված, ինչպես նաև՝ հանցագործությունների հայտնաբերման բացահայտման աշխատանքների, պատկան մարմիններում դրանց գրանցման գործընթացի բարելավմամբ»,- ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ վերջին տարիներին էակապես նվազել են հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը:
Ա. Դավթյանը նաև նշեց. «2016 թվականի հանցավորության վիճակի բնութագրիչների բացառիկ ցուցանիշներ ապահովեցին մայրաքաղաքում հուլիսին կազմակերպված զինված խմբի անդամների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, շենքեր, շինություններ զավթելու, պատանդներ վերցնելու, հրազեն և ռազմամթերք հափշտակելու, ապօրինի պահելու, գործադրելու դրսևորումներով կատարումը, որը բացի այն, որ շուրջ 15 օր հանրային վտանգավորության բարձր ֆոն ապահովեց ողջ երկրում, ուղեկցվեց նաև իրենց ծառայությունն իրականացնելիս ոստիկանության երեք աշխատակցի սպանություններով, մարմանական վնասվածքների պատճառումով, հափշտակություններով և այլն»: