Շաքարավազի գնի փոփոխություն չի արձանագրվել. Գայանե Սահակյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները ցույց են տալիս, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված շաքարավազի գինը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական
Գայանե Սահակյանը:
Նրա խոսքերով՝ մոնիթորինգային տվյալների ուսումնասիրությունից երևում է, որ 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով (խոսքը չփաթեթավորված, կիլոգրամով վաճառվող շաքարավազի մասին է):
Գայանե Սահակյանը նշեց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ շաքարավազի շուկան հանդիսանում է սոցիալական առաջնային անհրաժեշտության շուկա, այն մշտապես գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության դաշտում: Հանձնաժողովը մշտապես դիտանցումներ է իրականացնում շաքարավազի շուկայում, որը, օրենքին համապատասխան, ընդգրկում է Երևան քաղաքի խոշոր վաճառակետերը:
«Քանի որ այս շուկայում առկա է նաև գերիշխող դիրք ունեցող ընկերություն, ուստի Հանձնաժողովը իրականացնում է դիտանցումներ՝ նաև տվյալ ընկերության վաճառակետերում»,- ընդգծեց Գայանե Սահակյանը:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է շաքարի և շաքարավազի՝ 0.1 գնաճ: