Մուրադ Փափազյան. Աշխատում ենք, որպեսզի Ֆրանսիայում Արցախն ունենա քաղաքական համակրանք
Ֆրանսիայի հայ համայնքը շարունակելու է իր ջանքերը Արցախը որպես անկախ պետություն ճանաչելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
Նա հիշեցրեց, որ ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը Արցախի Բերձոր համայնքի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ինչը նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք:
«Սա շատ կարևոր է, պետք է բազմացնել այս օրինակները: Եթե Ֆրանսիայում լինի 20-50 քաղաք, որոնք ճանաչում են արցախյան նույնքան բնակավայր որպես հայկական քաղաք, ապա դա կօգնի, որ Արցախը վերջապես ճանաչվի որպես անկախ պետություն»,-ասավ նա:
Նրա խոսքով, Ֆրանսիայի հայ համայնքի համար ևս Արցախի խնդիրը առաջնահերթություն է:
«Լուրջ աշխատանք է իրականացվել անցած տարիներին, մենք շարունակելու ենք և արագացնելու աշխատանքները, որոնք ուղղված են լինելու որպեսզի Ֆրանսիայում Արցախն ունենա քաղաքական համակրանք: Արցախի հարցի շուրջ համախմբեն ֆրանսիացի գործիչներ»,-ասաց նա:
Մուրադ Փափազյանն ասաց՝ լուրջ կապեր ունի ֆրանսիացի պաշտոնական շրջանակների հետ, այնտեղ գիտեն և հասկանում են Ալիևի ու Էրդողանի կառավարումը, նրանք սիրված ու ընդունված չեն:
«Բոլորն էլ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապերը չեն կարող շատ հեռու գնալ: Ալիևի ռեժիմը ժողովրդականություն չի վայելում Ֆրանսիայում »,-ասաց Փափազյանը՝ նկատելով, որ այդ քաղաքականությամբ Թուրքիայի նախագահը բավականին օգնում է հայամետ ուժերին:
Ֆրանսիայում բնակվող գործչի խոսքով, Ֆրանսիայում լավ գիտեն, որ Ադրբեջանն է ցանկանում զենքով գրավել Արցախն ու հետագայում վտանգի տակ դնել Հայաստանը:
«Իրենք գիտեն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն հաստատել, գիտեն, որ Ադրբեջանն է ուզում զենքով խնդիրը լուծել: Մի օր, կարծում եմ հեռու չէ այդ օրը, համանախագահող երկրները պետք է որոշում կայացնեն արցախյան հարցի վերաբերյալ: 1994-ից ի վեր այսպիսի վիճակն անընդունելի է ժողովուրդների ու ժողովրուրդների խաղաղության համար»,- հավելեց նա:
Փափազյանի խոսքով, անցած տարիներին Ադրբեջանը անկարելի դարձրեց, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի ազդեցության տակ:
Բանախոսն ասաց, որ իրենք պատրաստվում են երկարաշունչ պայքարի, այս առումով ակնկալում են, որ հայկական դիվանագիտությունը Ֆրանսիայում լինի լավագույնը:
«Այսօր այն բավարար չէ, պետք է զորացնել, վիճակը լուրջ է, մենք իրավունք չունենք կորցնել պայքարը, իսկ դրա համար պետք է նոր միջոցներ: Մենք կդնենք մեր բոլոր միջոցները, բայց դա բավարար չէ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց