Լողորդները պատրաստվում են առաջիկա միջազգային մեկնարկներին
Հայաստանի առաջատար լողորդները հուլիս-օգոստոսին մասնակցելու են երեք պատասխանատու մրցումների: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, թե ովքեր ինչ մեկնարկներ են ունենալու:
Հուլիսի 23-ից 30-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունում Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում եւ 100 մետր բատերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 եւ 100 մետր ազատ ոճերում, Էլեն Եսայանը՝ 50 եւ 100 մետր բրասում:
Հուլիսի 23-ից 30-ը Հունգարիայի Գյոռ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն 50 եւ 100 մետր ազատ ոճերին:
Այս երկու լողորդները Հայաստանը կներկայացնեն նաեւ Ինդիանապոլիսում (ԱՄՆ) օգոստոսի 23-ից 28-ը կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում, որտեղ նրանց կմիանա Անի Պողոսյանը: Արթուրը հանդես կգա 50, 100 մետր ազատ ոճում եւ 50, 100 մետր բատերֆլայում, Վարսենիկը՝ 50, 100 մետր ազատ ոճում եւ 50 մետր բատերֆլայում, իսկ Անին՝ 50, 100 մետր ազատ ոճում եւ 50 մետր թիկնալողում: