Գանձասարում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին և տոնական միջոցառումներին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած ավանդի համար և Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանին, բարերարներ Վարուժան Բաղրամյանին և Արամ Ֆրանկյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով։
Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից: