Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհվել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի «Ոսկե մեդալ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ վաստակավոր իրավաբան, ակադեմիայի նախագահ Վալերի Նարինյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այցի նպատակն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնել Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ Վեհափառ Հայրապետին շնորհված «Ոսկե մեդալը»:
«Ձերդ Սրբություն, դուք քրիստոնեական շարժման ականավոր գործիչ եք: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Դա վկայությունն է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների եղբայրության` հիմնված միևնույն քրիստոնեական արժեքների վրա», - նշել է ակադեմիայի նախագահը` Նորին Սրբությանը փոխանցելով ակադեմիայի պարգևը:
Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի շնորհած պարգևի համար` Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցել է պատվիրակության անդամներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը` ուղղված հոգևոր-մարդասիրական արժեքների տարածմանը: Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել նաև ակադեմիայի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լույս ընծայած աշխատություններին` ընդգծելով նման հրատարակությունների կարևորությունը նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան