«Միշտ պետք է հիշենք, որ մեզ սպասում են». ամառային զորակոչ
Հայաստանում ամառային զորակոչը շարունակվում է. այն կտևի մինչև ամսվա վերջ: Ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Զորակոչիկները նախ վիճակահանության միջոցով իմացան, թե որտեղ են ծառայելու, վիճակահանության ընթացքին հետևում էին նաև նրանց ծնողները:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նորակոչիկները նշում էին, որ ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և գիտակցումով, որ գնում են պաշտպանելու հայրենիքի սահմանները:
Երաժիշտ Գրիգոր Ալավերդյանը ծնողներին հուսադրում է, որ շատ չմտածեն, երկու տարին հանգիստ կանցնի: «Տրամադրությունս մարտական է, ամեն ինչ շատ լավ է լինելու»,- ասում է Գրիգորն ու հավելում, որ շատ նպատակներ ունի, բայց հիմա մտածում է միմիայն ծառայության մասին:
Նա տան միակ արու զավակն է, օջախի ծուխը, ու այդ գիտակցումով էլ խոստանում է ծնողներին, իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և վերադառնալ տուն: «Միշտ պետք է հիշենք, որ մեզ սպասում են մեր ծնողները, պիտի պատվով ծառայենք ու վերադառնանք տուն»,- նշում է Գրիգորը:
Նորակոչիկ Սամվել Բաբասյան էլ ասում է, որ տղան պիտի ծառայի, մանկուց իրեն այդպես են դաստիարակել: Սամվելի գեներալ պապիկը կանգնած է բանակի ստեղծման ակունքներում, ղեկավարել է հրթիռահրետանային զորքերը: Այսօր մեծ հպարտությամբ թոռնիկին բանակ է ճանապարհում:
«Ծառայության ընթացքում պապիկիս խորհուրդները պետք կգան: Ծառայելու եմ Արցախում, շատ լավ եմ տրամադրված, բոլոր զինվորներին էլ ցանկանում եմ, որ անփորձանք ծառայեն ու հետ վերադառանան, կարևորը դա է»,- նշում է Սամվելը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանից՝ սահման. Ոսկեպարցի եղբայրները մեկնում են ծառայության
- «Ձեր զավակները նաև մեր երեխաներն են, Ձեզ հետ հավասար նաև մենք ենք պատասխանատու նրանց համար»
- Բարի ծառայություն ձեզ, տղերք
- «Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
- Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»