Ֆրանսիայի հարավում տարհանվել է 10 հազար մարդ
Այս գիշեր Ֆրանսիայի հարավում շուրջ 10 հազար մարդ է տարհանվել նոր բռնկված անտառային հրդեհի պատճառով: Ռիա նովոստին, հղում անելով Ֆրանս Պրեսին, գրում է, որ հրդեհը 400 հեկտար տարածք է ընդգրկել:
«Հրդեհի տարածման պատճառով տարհանվել է առնվազն 10 հազար մարդ: Սա բնակելի գոտի է, որի բնակչությունն ամռանը երկու կամ երեք անգամ ավելանում է»,- հայտնել են հրշեջ ծառայությունից:
Անտառային հրդեհները Ֆրանսիայի հարավ-արևելյան հատվածում մի քանի օր շարունակվում են: Հրդեհը 3000-ից ավելի հեկտար տարածք է ընդգրկել: Ֆրանսիան դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով երկու լրացուցիչ ինքնաթիռ տրամադրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ներկա պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 19 փրկարարական ինքնաթիռ և ավելի քան 2000 հրշեջ: