Կրտսեր սերժանտի ինքնասպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, մեկ անձ ձերբակալվել է։
Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին։ Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն:
Ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: