Արքայադուստր Դիանայի գերեզմանը չորս անգամ փորձել են թալանել
Գետնադամբանը, որտեղ թաղված է 1997 թվականին մահացած արքայադուստր Դիանան, վերջին տարիներին չորս անգամ գողերը փորձել են բացել: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է Դիանայի կրտսեր եղբայրը՝ Չարլզ Սփենսերը: Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերներին պատկանող կղզում:
Նա հայտնել է, որ բոլոր փորձերն անհաջող են եղել: Վարկածներից մեկի համաձայն, հանցագործերի նպատակն է եղել նկարել Դիանայի գերեզմանը, այնուհետև լուսանկարները թանկ գնով վաճառել եվրոպական թերթերին, քանի որ բրիտանական որևէ թերթ դրանք չէր հրապարակի:
Չ. Սփենսերն ասել է, որ սկզբում Դիանայի ընտանիքը ցանկացել է նրան թաղել ընտանեկան գերեզմանոցում: Բայց հետո այդ գաղափարից հրաժարվել են, որպեսզի գերեզմանը չվերածվի երկրպագուների համար ուխտագնացության վայրի և մոտակա գյուղի բնակիչների համար չստեղծեն խնդիրներ: