Սեպտեմբերը պատրաստվում ենք դիմավորել դատական հայցերով. Զարուհի Փոստանջյան
Երևանի տրանսպորտի մակարդակը տարիներ շարունակ նույնիսկ մոտ չէ քաղաքակրթությանը: Հարցը չի լուծվել, որովհետև գործ ունենք մոնոպոլ դիրքերի հետ,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Բոլորիս համար հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում: Քաղաքապետարանը մոտ մեկ միլիոն դոլար է ծախսել՝ արտասահմանյան խորհրդատվական ընկերությանը խնդրելով ուսումնասիրել ոլորտը: Անցկացվել են մի քանի քննարկումներ, նշված գումարը ծախսվել է, սակայն խորհրդատվություն այդպես էլ չի տրվել: Ստացվում է՝ գումարները չեն ծառայել իրենց նպատակին: Սրանից հետևում է, որ 2018 թվականին ևս մայրաքաղաքում քաղաքակիրթ տրանսպորտ չի լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Երևանի հնարավորությունները հսկայական են, միջոցները՝ բավարար:
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերը պատրաստվում են դիմավորել դատական հայցերով: Դատական հայցերից մեկը, նրա խոսքով, վերաբերելու է քաղաքապետարանի արտահերթ նիստի ժամանակ հեռարձակում չապահովելուն: Փոստանջյանի ներկայացմամբ, հնարավոր է՝ դատական կարգով վիճարկեն նաև Երևանի քաղաքապետարանի՝ 2 հազար աշխատող ունենալու հարցը: Սա այն դեպքում, երբ հազարավոր երեխաներ զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքից:
«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք քաղաքականության մեջ գործընկերներ չունեն, քանի որ քաղաքական բոլոր ուժերը սպասարակում են գործող համակարգին: Մեր ողջ խնդիրն է հիմնահատակ տապալել այս համակարգը: Բարեփոխումներ ակնկալելն անիմաստ է:
«Մենք դասալիքների հետ մարտի չենք գնալու, իսկ մարտեր դեռ սպասվում են: Մենք պետք է մարտունակ լինենք, որ հարձակում գործենք»,- նշեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով ընտրությունների օրն իր և իր դստեր նկատմամբ ոստիկանների բռնություններին՝ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ իրենք ճանաչվել են տուժողներ. «Այդ ամբողջ օպերացիան գլխավորում էր ՀՀ ոստիկանությունը, որը համատեղ ուժերով կոծկում է ընտրակեղծարարության ապացույցները»:
Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև խմբակցության կազմից հեռացված երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ նշելով. «Նրանք ոչնչություն են, նրանց տեղը մեր կողքին չէ: Մենք ցտեսություն ենք ասել և բարի ճանապարհ ենք դրել նրանց»:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր ծիրանի»-ն չի մեկնաբանում ավագանու իր երկու անդամների հեռանալու որոշումը
- Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը դուրս են գալիս ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կազմից
- «Երկիր Ծիրանի»-ն հայտարարում է քաղաքապետի դեմ դատական գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին