Արմեն Իսրայելյան. Կարծում եմ, Իրանը կվերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները
«ՀՀ նախագահի այցը հարևան Իրան ուղերձ էր այդ երկրի նորընտիր իշխանություններին, որ Հայաստանը հավատարիմ է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ արած հայտարարություններին ու ձեռք բերած պայմանավորվածություններին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Բանախոսի գնահատմամբ, պաշտոնական Երևանի այս քայլը կգնահատվի Իրանի կողմից, դրա մասին վկայում են նաև իրանական բոլոր ԶԼՄ-ների դրական հրապարակումներն ու վերլուծությունները հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին:
ՀՀ նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին բազմաթիվ ոլորտների:
«Անվտանգության վերաբերյալ շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու իր սահմանների մոտ ապակայունացում: Սա առաջին հերթին կարևոր մեսիջ էր ուղղված Ադրբեջանին»,-ասաց Ա. Իսրայելյանը:
Իրանագետն արձանագրում է, որ անվտանգության առումով Իրանի համար ահաբեկչական գործողություններից հետո զգայուն իրավիճակ է ստեղծվել, ինչից հետո այդ երկրում վերանայեցին անվտանգության քաղաքականությունը:
«Եթե նախկինում Ադրբեջանի հետ հարաբերություններում շեշտը դրվում էր տնտեսական բաղադրիչի վրա՝ շատ դեպքերում մի կողմ թողնելով անվտանգության վերաբերյալ հարցերը, հիմա ես կարծում եմ, որ Իրանը վերանայելու է իր այդ քաղաքականությունը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը. Դավիթ Բաբայան
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահի երդման պաշտոնական արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց