Եռակողմ համագործակցություն՝ ագրովերամշակման ոլորտում
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով այսօր եռակողմ հուշագիր է ստարագրվել։
Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը։
«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչև 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
Տեղեկացնելով, որ արդեն երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ ծրագրին` փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ առաջիկայում ծրագրին կմիանան նաև այլ բանկեր:
«Այժմ հանրապետությունում մթերումների շրջան է և բազաթիվ մթերողներ ունեն ֆինանսական միջոցների կարիք: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մթերողներն այդ միջոցները ձեռք էին բերում բավական բարձր տոկոսադրույքով` չկարողանալով մարել մթերումների դիմաց կուտակված պարտքերը, մինչդեռ այս ծրագիրը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը», - նշել է Վահե Հարությունյանը: