Հետախուզություն Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը հայտնում է, որ բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը:
Հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 14-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
Հարուցվել է քրեական գործ, քննչականը պարզել է, որ Է. Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու Ն շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Էդմոն Հարությունյանը ճանաչվել է տուժող: Ըստ քննչականի՝ կրակոցներ են արձակվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայից. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նստած է եղել վարորդի կողքի նստատեղին։ Վերջինիս ինքնությունը պարզվել է:
Քննչական կոմիտեն նաև հայտնում է կասկածյալի տարիքն ու անունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան